Մադուրոյի դեմ մահափորձի գործով կասկածյալներից մեկն ինքնասպանություն է գործել
Վենեսուելացի ընդդիմադիր քաղաքական գործիչ Ֆերնանդո Ալբան Սալազարը, որը կասկածվում էր նախագահ Նիկոլաս Մադուրոյի դեմ մահափորձի իրականացման համար, երկուշաբթի՝ հոկտեմբերի 8-ին, ինքնասպանություն է գործել այն բանից հետո, ինչ նրան հայտնաբերել են ու հացրել Բոլիվարյան ազգային հետախուզական ծառայության շտաբ:
Ինչպես տեղեկացնում է ТАСС-ը, այս տեղեկությունն արդեն հաստատել է երկրի գլխավոր դատախազ Թարեք Ուիլիամ Սաաբը: Վերջինիս խոսքով՝ Սալազարը խնդրել է թույլ տալ իրեն գնալ լոգասենյակ, որտեղ էլ ինքնասպանություն է գործել:
Հայտնի է, որ ընդդիմադիր քաղաքական գործչին ձերբակալել են ուրբաթ՝ մայրաքաղաք Կարակասում, իսկ երկուշաբթի նա պետք է արդեն ներկա գտնվեր դատական նիստին:
Հիշեցնենք, որ օգոստոսի 5-ին Բոլիվարյան ազգային գվարդիայի կազմավորման 81-րդ տարեդարձին նվիրված տոնական միջոցառման ժամանակ մայրաքաղաք Կարակասում տեղի է ունեցել պայթյուն: Մադուրոն շտապ տարհանվել է, մի քանի զինվորական վնասվածքներ է ստացել:
Երկրի նախագահի դեմ իրագործված մահափորձի պատասխանատվությունը ստանձնել է վենեսուելական «Ֆլանելե զինվորներ» (Soldados de Franelas) զինված խմբավորումը:










