Առաջին անգամ չէ, որ Փաշինյանը փակ դռների հետևում բանակցում է Ծառուկյանի հետ. հետաքրքիր է, թե ինչ է վերջինս ստանում փոխզիջումների դիմաց. Ա. Մարտիրոսյան
Բանակցությունների մասնագետ Արթուր Մարտիրոսյանի խոսքով՝ հայաստանյան ներքաղաքական կյանքը ճնշող էր, և դրա արդյունքում որոշ քաղաքական ուժեր հետքայլի դիմեցին և սկսեցին վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ բանակցություններ սկսել արտահերթ խորհրդարանական ընտրությունները հնարավորինս շուտ անցկացնելու շուրջ:
Նա Tert.am-ի հետ զրույցում նշեց, որ նույն «Հանրապետական» կուսակցության համար այդ անորոշությունը «սթրես» է, բոլոր մնացած խորհրդարանական ուժերն են նույն կարգավիճակում: «Ոչ միայն այն պատճառով, որ պատգամավորները վախեցան, որ ժողովուրդը հավաքվեց, սատարեց վարչապետին ԱԺ կանոնակարգ-օրենքում փոփոխության նախագիծ անցկացնելու օրը, այլ նաև նրանց անհանգստացրեց այդ անորոշությունը:
Եթե «վրացական սցենարը» զարգանար, բոլորն էլ շատ թե քիչ կորուստ էին ունենալու: Բայց հանուն ինչի՞… որպեսզի ընտրությունները հետաձգե՞ն մինչև մայիս: Ասենք, թե հետաձգեցինք, ի՞նչ էին շահելու դրանից: Եվ որքանո՞վ էր այդ «ձեռքբերումը» ժամանակի ընթացքում կարողանալու փոխհատուցել այն կորուստներին, որ կլինեն դիմակայության ընթացքում, և հնարավոր էր արդյո՞ք, որ այն վերածվեր քաղաքական կապիտալի»,-ասաց նա:
Բանակցությունների մասնագետի խոսքով՝ վերջին զարգացումները մեծացրին անորոշության զգացումը որոշակի քաղաքական ուժերի համար, դա էլ նպաստեց բանակցություններին գնալուն: Նա նկատեց, որ մի կողմից այդ քաղաքական ուժերն իրենց աչքերով տեսան և համոզվեցին, թե ինչպիսին կարող են լինել կորուստները, մյուս կողմից՝ նրանց ցույց տրվեց, թե ինչից կարող են խուսափել՝ ինչ-որ պահերի նաև ի օգուտ իրենց:
«Անհատական բանակցությունները, ի տարբերություն խմբակցությունների հետ բանակցություններին, ավելի արդյունավետ է վարելը գոնե նրա համար, որ այդ բանակցություններում կարող են աշխատել այն շահերի ուղղությամբ, որոնք նրանք շատ զգուշորեն թաքցնում են հանրությունից»,- նշեց մասնագետը:
Վերջինս նկատեց, որ «Ծառուկյան» դաշինքի դեպքում, պարզ է, միայն ղեկավարի՝ Գագիկ Ծառուկյանի հետ բանակցելն ու պայմանավորվելը հերիք էր, նրա կուսակցությունում մնացած բոլորը կողմ պետք է լինեին նրա որոշմանը: ««Դաշնակցության» դեպքում մի քիչ դժվարություն եղավ, բայց, իհարկե, իրենք էլ կարող են իրենց մուտքը 10 անգամ փոխել: Մենք դա տեսել ենք այս տարիների ընթացքում»,- ասաց նա:
Չնայած քաղաքական ուժերի մի մասը սկսել է բանակցել Նիկոլ Փաշինյանի հետ, բայց, այնուամենայնիվ, Արթուր Մարտիրոսյանի խոսքով՝ դեռ դժվար է միանշանակ ասել, թե արդյոք ունենք ներքաղաքական զարգացումների վերջնական պատկեր:
«Պետք է տեսնենք, թե ինչ է տեղի ունենալու, և որ եղանակով է Նիկոլ Փաշինյանը շարժվելու: Հրաժարական կտա՞ այն պայմանով, որ ոչ մի այլ ուժ թեկնածու չառաջադրի, թե՞ խորհրդարանում կհավաքվեն անհրաժեշտ ձայներ աջակցելու համար խորհրդարանի արձակմանը»,-ասաց նա՝ նկատելով, որ ամեն դեպքում նկատելի է, որ Նիկոլ Փաշինյանին են «ձնագնդիի» էֆեկտով միանում քաղաքական ուժերը՝ ապահովելով ձայների մեծամասնությունը՝ նրա ցանկությունը խորհրդարանում արձանագրելու:
Ընդհանրապես ստեղծված ներքաղաքական պայմաններում, ըստ Արթուր Մարտիրոսյանի, Նիկոլ Փաշինյանն իր ուզածին՝ արտահերթ ընտրություններին հասնելու երկու տարբերակ ուներ՝ կամ ժողովրդի հետ գրավեր Ազգային ժողովը, կամ բանակցությունների գնար:
«Եթե գնար Ազգային ժողովր գրավելու ճանապարհով, սահմանադրական կարգը կխախտեր, իսկ դա կհարվածեր «թավշյա հեղափոխության» գաղափարին»,- ասաց նա:
Խոսելով մասնավորապես «Ծառուկյան» դաշինքի առաջնորդի հետ Նիկոլ Փաշինյանի բանակցությունների արդյունքի մասին՝ Արթուր Մարտիրոսյանը նկատեց՝ պարզ չէ, թե համաձայնության գալով արտահերթ ընտրությունները դեկտեմբերին անցկացնելու շուրջ՝ ինքն ինչ է դրա դիմաց ստանում:
«Եթե մենք խոսում ենք թափանցիկ գործընթացի մասին, լավ կլիներ, որ իմանայինք, թե ինչ է ստացել Գագիկ Ծառուկյանը բանակցություններում: Այլ երկրներում ներկայացնում են, թե քաղաքական բանակցություններում ինչ է առաջարկվել, ինչ պատասխան է ստացել: Ասվում է, որ ժողովրդի կամքն է հաշվի առնվել, բայց արդյո՞ք նա ազնիվ է: Մի՞թե նրա համար, որ հետևի «ժողովրդի կամքին», պարոն Ծառուկյանին անհրաժեշտ է մշտական դեմոնստրացիա այդ «կամքի»՝ բողոքի տեսքով: Ես չեմ հավատում, որ նրան հայտնի չեն եղել Նիկոլ Փաշինյանի մոբիլիզացնող հնարավորությունները, երբ նա գործում էր Նիկոլ Փաշինյանին դեմ, իսկ իր կոալիցիան միացավ խորհրդարանական մեծամասնությանը, որի արդյունքում «Բարգավաճ Հայաստանը» զրկվեց նախարարական պորտֆելներից»,- ասաց նա:
Արթուր Մարտիրոսյանի խոսքով՝ եթե Գագիկ Ծառուկյանի քաղաքական ուժն ունենար արժեքներ և շարժվեր դրանցով, ապա լրիվ այլ պատկեր կլիներ:
«Նրանք շարժվում են իրենց անձնական տնտեսական շահերի համար: Կոպիտ ասած՝ «քաղաքական բազար» է ընթանում, և հայտնի չէ, թե ինչ է բանակցվել, ինչ է առաջարկվել: Առաջին անգամ չէ, որ փակ դռների հետևում Փաշինյանը բանակցում է պարոն Ծառուկյանի հետ: Ինձ, որպես դիտորդի, հետաքրքիր է, թե ինչ է Գագիկ Ծառուկյանը ստանում փոխզիջումների համար: Բայց մենք դա չենք իմանում և չենք իմանալու մոտակա ապագայում: Նախկինում Գագիկ Ծառուկյանի ուժն այլ կերպ էր իրեն պահում, սակայն հիմա բանակցում է, փոխզիջում և ասում, որ ժողովրդի կողին է: Ստացվում է, որ նա մեկ օր կարող է ժողովրդի կողքին լինել, մեկ այլ օր էլ` չլինել: Դա վերաբերում է նաև այլ խորհրդարանական ուժերին, որոնք հիմա են «հասունացել» և հասկացել, որ իրենց համար ավելի լավ է աջակցել վարչապետին, քանի որ նա «ազնիվ մարդ» է: Ինչպես ասում էր Ստանիսլավսկին՝ «չեմ հավատում»»,- ասաց նա:










