Մեկնարկել է կառավարության նիստը, օրակարգում նաև 3 մարզպետների նշանակման հարցն է. ուղիղ
Մեկնարկել է կառավարության հերթական նիստը, որի օրակարգում ընդգրկված է 31 հարց, որոնցից 25-ը չզեկուցվող են: Կառավարությունն այսօր կնշանակի Գեղարքունիքի, Լոռու և Վայոց Ձորի մարզպետներին:
Օրակարգի հարցերից մեկը 2018 թվականի օգոստոսի 8-ին ստորագրված՝ «Հայաստանի Հանրապետության կառավարության և Ռուսաստանի Դաշնության կառավարության միջև Հայաստանի Հանրապետություն բնական գազի առաքման ժամանակ գների ձևավորման կարգի վերաբերյալ 2013 թվականի դեկտեմբերի 2-ի համաձայնագրում փոփոխություններ կատարելու մասին» արձանագրությունը հաստատելու մասին» ՀՀ նախագահի հրամանագրի նախագիծն է:
Սույն արձանագրությամբ բնական գազի գինը Հայաստանի Հանրապետության համար 2018 թվականի հունվարի 1-ից մինչև 2018 թվականի դեկտեմբերի 31-ը ներառյալ սահմանվում է 150 ԱՄՆ դոլար՝ 1 հազար խոր. մետրի համար:
Նշենք նաև, որ օրակարգում են Կոտայքի մարզի Նոր Գեղի համայնքի ղեկավարի, Գեղարքունիքի մարզի Ակունք համայնքի ղեկավարի, Արարատի մարզի Արևաբույր համայնքի ղեկավարի, Վայոց ձորի մարզի Մալիշկա համայնքի ղեկավարի արտահերթ ընտրություն նշանակելու և անցկացնելու մասին որոշման նախագծերը: Ինչպես նաև կքննարկվի աշխատանքային օրերը տեղափոխելու մասին որոշման նախագիծը:










