Բուլղարացի լրագրող Վիկտորյա Մարինովայի սպանության համար կասկածվող անձն ազատ կարձակվի. լրատվամիջոցներ
Ռումինիայի քաղաքացին, որին Բուլղարիայի ոստիկանությունը ձերբակալել էր հետաքննող լրագրող Վիկտորյա Մարինովայի սպանության կասկածանքով, ազատ կարձակվի: Այս մասին հաղորդում է ТАСС-ը՝ Բուլղարական ազգային հեռուստատեսությանը հղումով: Նշվում է, որ կասկածյալի մեղքն ապացուցող որևէ օբյեկտիվ տվյալ չի հայտնաբերվել:
Ավելի վաղ Ռուսե քաղաքի ոստիկանության տնօրեն Թեոդոր Աթանասովը հայտարարել էր, որ «տղամարդը բերման է ենթարկվել 24 ժամով՝ ալիբիի ստուման համար և պաշտոնապես որևէ հանցանքի համար չի կասկածվում»: Առայժմ որևէ այլ տվյալ ոստիկանությունը չի հայտնել:
Հիշեցնենք, որ 30-ամյա Վիկտորյա Մարինովայի մարմինը հայտնաբերել էին կիրակի, Ռուսե քաղաքի զբոսայգում: Հանցագործները տարել են նրա հեռախոսը, մեքենայի բանալիներն ու ակնոցները: Նա կիսամերկ է եղել և, ինչպես պարզել է քննությունը, բռնաբարված:
Բուլղարիայի վարչապետ Բոյկո Բորիսովի խոսքով՝ քննությունը շատ ապացույցներ ունի, և հանցագործին բռնելը ժամանակի հարց է:
Քննությունը դիտարկում է բոլոր վարկածները՝ նաև նրա մասնագիտական գործունեությունը: Չի բացառվում, որ նրան կարող է խելագար սպանած լինել:
Միջազգային կազմակերպությունները պահանջել են իշխանություններից անհապաղ պատժել մեղավորներին:
Մարինովան բուլղարական TVN հեռուստաալիքով վարել է «Դետեկտոր» հեռուստածրագիրը: Նա լուսաբանել է կոռուպցիայի թեման ու պատմել Եվրամիության կողմից ֆինանսավորվող նախագծերի իրականացման ժամանակ թույլ տրված չարաշահումների մասին:
Նա դարձել է 2017 թվականից ի վեր Եվրամիության երկրներում սպանված 4-րդ լրագրողը:










