Բուլղարացի լրագրող Վիկտորյա Մարինովայի սպանության գործով կա նոր կասկածյալ, որին ձերբակալել են Գերմանիայի տարածքում. լրատվամիջոցներ
Բուլղարացի լրագրող Վիկտորյա Մարինովայի սպանության գործով կա նոր կասկածյալ, որին ձերբակալել են Գերմանիայի տարածքում, ուր նա փախել է, հայտնում է ՌԻԱ Նովոստի գործակալությունը՝ բուլղարական Nova հեռուստաալիքին հղումով, որն էլ վկայակոչում է հետաքննության ընթացքին ծանոթ աղբյուրի:
Հեռուստաալիքի տվյալների համաձայն՝ ձերբակալված անձի ԴՆԹ-ն 100%-ով համընկնում է ԴՆԹ նմուշների հետ, որոնք հայտնաբերվել են հանցանքի վայրում իրեղեն ապացույցների վրա:
Տեղի բնակիչները լրատվամիջոցներին հայտնել են, որ իրենց հայտնի է ձերբակալվածի ինքնությունը, առկա տվյալների համաձայն՝ նա երիտասարդ է՝ ծնված 1997 թվականին: Նաև բնակիչները հայտնել են, որ բուլղարական Ռուսե քաղաքի ոստիկանությունը ժամանակավորապես ձերբակալել է նրա կնոջն ու մորաքրոջը: Այս տվյալները, սակայն, դեռ չեն հաստատվել պաշտոնապես:
bTV հեռուստաալիքը հայտնում է նոր ձերբակալվածի մասին, որը փախել է արտասահման: Բացի այդ, bTV-ն հայտնել է այն մասին, որ ոստիկանությունը խուզարկումներ է անցկացրել Ռուսեի բնակելի տներից մեկում և հայտնաբերել զոհի հեռախոսը, սակայն դեռ չի հաղորդվում՝ դա ում տունն է եղել և կապված է արդյոք նա նոր ձերբակալվածի հետ:
Երեկ հաղորդվել էր, որ Բուլղարիայի ոստիկանությունը ձերբակալել է հետաքննող լրագրող Վիկտորյա Մարինովայի սպանության համար կասկածվող անձի: Նշվում էր, որ նա Ռումինիայի և Մոլդովայի քաղաքացի է: Սակայն ավելի ուշ նրան բաց են թողել՝ ապացույցների բացակայության պատճառով:
Հիշեցնենք, որ 30-ամյա Վիկտորյա Մարինովայի մարմինը հայտնաբերել էին կիրակի, Ռուսե քաղաքի զբոսայգում: Հանցագործները տարել են նրա հեռախոսը, մեքենայի բանալիներն ու ակնոցները: Նա կիսամերկ է եղել և, ինչպես պարզել է քննությունը, բռնաբարված:
Մարինովան բուլղարական TVN հեռուստաալիքով վարել է «Դետեկտոր» հեռուստածրագիրը: Նա լուսաբանել է կոռուպցիայի թեման ու պատմել Եվրամիության կողմից ֆինանսավորվող նախագծերի իրականացման ժամանակ թույլ տրված չարաշահումների մասին:
Նա դարձել է 2017 թվականից ի վեր Եվրամիության երկրներում սպանված 4-րդ լրագրողը:










