Հակահեղափոխության վտանգը չի մարել, ՀՀԿ-ն, ԲՀԿ-ն ու ՀՅԴ-ն կրկին կարող են «դիվերսիա» իրականացնել. Պետրոս Մակեյան (տեսանյութ)
Վաղ է խոսել ռևանշի վտանգի մարման մասին, կարող են զարգացումները կտրուկ փոխվել: Այս մասին Tert.am-ի հետ զրույցում ասաց «Ժողովրդավարական հայրենիք» կուսակցության նախագահ Պետրոս Մակեյանը:
«Հոկտեմբերի 2-ին ԱԺ-ում տեղի ունեցած իրադարձությունները չէին կարող լինել միայն ներսի ուժերով, դրսի ազդակներ կային, և չի բացառվում, որ ամբողջ հուշագրերը, ՀՀԿ-ի կազմաքանդման պրոցեսը, դաշնակների չեզոքությունը, հուշագրի պրոցեսն ուշադրությունը շեղելու գործընթաց է, որպեսզի հանգստացնեն իշխանությանը, Նիկոլ Փաշինյանին, որպեսզի հետո Նիկոլ Փաշինյանի հրաժարականից հետո գնա այլ գործընթաց»,- նշեց նա:
Պետրոս Մակեյանն ասաց, որ չի բացառվում, որ ռևանշի ձգտողները Արցախում նաև պատերազմ հրահրեն, որպեսզի ժողովուրդը հրապարակից տեղափոխվի Արցախ:
«Եվ այդ ժամանակ, եթե առաջարկվեց ու ընտրվեց վարչապետ, կարող է ցանկացած հրամանագիր ստորագրել՝ արտակարգ դրություն մտցնելուց սկսած մինչև ցանկացած այլ հրաման: Մինչև ընտրության անցկացումը հակահեղափոխության վտանգն առկա է լինելու: Մենք այն ժամանակ ասում էինք՝ ապրիլի 9-17-ն իշխանության վակում է առաջանալու, և հնարավոր կլինի իշխանությունը վերցնել, ինչը եղավ, փաստորեն հիմա էլ Նիկոլ Փաշինյանի հրաժարականից հետո մինչև խորհրդարանի ինքնալուծարումը վակում է առաջանում»,-մանրամասնեց նա:
Պետրոս Մակեյանը կարծում է, որ Ծառուկյան-Փաշինյան հուշագիրը չի նշանակում է, որ պետք է ԲՀԿ-ի վրա հույս դնել. թե՛ ԲՀԿ-ից, թե՛ ՀՀԿ-ից և թե՛ ՀՅԴ-ից դիվերսիաներ կարող են լինել, քանի որ այդ ուժերը շատ բան ունեն կորցնելու:
«Ինչպես հոկտեմբերի 2-ին «դիվերսիոն» քայլ արեցին, չնայած նրան, որ վարչապետին խորհրդարանում ընտրել էին, ոչ ոք չի կարող երաշխավորել, որ հոկտեմբերի 2-ի զարգացումները պատվիրողը նորից այդ գործընթացը չի տանի: Այն պատգամավորները, ովքեր հիմա խորհրդարանում են, ռիսկային են, այս ամիսների ընթացքում մի քանի անգամ կերպարանափոխվել են»,-ընդգծեց նա:
Պետրոս Մակեյանը նաև ասաց, որ մասնակցելու են խորհրդարանական ընտրություններին, ձևաչափի մասին պարզ կլինի այն ժամանակ, երբ հստակ լինի՝ հեղափոխական ուժերը դաշինքով են գնալու ընտրությանը, թե առանձին:
Մանրամասները` տեսանյութում:










