Ֆլորիդայի իշխանությունները հաղորդել են «Մայքլ» փոթորկի հետևանքով առաջին զոհի մասին

05:28 • 11.10.18

ԱՄՆ Ֆլորիդա նահանգի իշխանությունները հաղորդել են նահանգի հյուսիսային ափերին հարվածած «Մայքլ» փոթորկի հետևանքով առաջին զոհի մասին, գրում է РИА Новости-ն:

Նշվում է, որ Գեդսդեն շրջանի բնակիչը զոհվել է, երբ նրա տան վրա ընկած հսկայական ծառը փակել է ելքը՝ թույլ չտալով դուրս գալ տնից: Տղամարդու մահվան պատճառը հստակ չի նշվում: Հայտնի է, որ փրկարարներին չի հաջողվել հասնել օգնության՝ փակ փողոցների և էլեկտրահաղորդման լարերի վնասման պատճառով:

Ավելի վաղ հաղորդվել էր, որ «Մայքլ» փոթորիկը չորեքշաբթի հարվածել է ԱՄՆ Ֆլորիդա նահանգի Մեքսիկո Բիչ քաղաքի հյուսիսարևմտյան ափերին:

Փոթորիկների ուսումնասիրման ազգային կենտրոնի տվյալներով՝ քամու արագությունը տարերային աղետի գոտում հասնում է 240 կմ/ժամի: Փոթորկի վտանգավորությունը գնահատվում է 4 աստիճան՝ հնարավոր 5-ից: Փոթորիկը հասել է նաև Մեքսիկայի ափերին:

Bloomberg-ի տվյալներով՝ «Մայքլը» մայրցամաքին հարվածած ամենաուժեղ փոթորիկն է վերջին 14 տարվա ընթացքում: