Կորած սաուդացի լրագրող Ջամալ Խաաշկղիջիին սպանել են ու մասնատել մարմինը. Middle East Eye

17:33 • 11.10.18

Ստամբուլում Սաուդյան Արաբիայի հյուպատոսություն մուտք գործելուց հետո անհայտ կորած սաուդացի հայտնի ընդդիմադիր լրագրող, The Washington Post-ի թղթակից Ջամալ Խաաշկղիջին սպանվել է, իսկ նրա մարմինը մասնատել ու դուրս են բերել հյուպատոսության շենքից, այս մասին գրում է Middle East Eye կայքի լրագրողներից Դևիդ Հիրսթը:

Ըստ նրա՝ թուրք իրավապահները շատ լավ գիտեն այդ մասին, ավելին՝ նրանք տեղյակ են սպանության հստակ ժամի, տեղի ու լրագրողի մարմնի մնացորդների գտնվելու վայրի մասին: Աղբյուրը հայտնել է, որ եթե դատաբժշկական փորձաքննություն անցկացնող թիմին թույլ տրվի մտնել հյուպատոսարանի շենք՝ նրանք հստակ գիտեն, թե որ սենյակում պետք է փնտրեն սպանության հետքերը:

Լրագրողը պնդել է, որ այդ բացառիկ տեղեկությունները նրան է փոխանցել մի թուրք պաշտոնյա:

Ուշագրավ է, որ այն օրը, երբ Խաաշկղիջին մտել է հյուպատոսարան, դիվանագիտական ներկայացուցչության բոլոր թուրք աշխատակիցներին մեկօրյա արձակուրդ է տրվել:

Նշվում է նաև, որ Սաուդյան Արաբիայի հյուպատոսն արդեն 3 օր է, ինչ տնից դուրս չի գալիս ու չեղարկել է իր բոլոր հանդիպումները:

Ավելի վաղ The Washington Post-ը գրել էր, որ Սաուդյան Արաբիայի գահաժառանգ արքայազն Մուհամեդ բեն Սալման ալ Սաուդը ցանկացել է Խաաշկղիջիին վերադարձնել հայրենիք, որտեղ նրան կձերբակալեին:

Թուրքական ոստիկանության վարկածի համաձայն՝ սաուդացի լրագրողը սպանվել է հյուպատոսության շենքի ներսում: Սաուդյան Արաբիայի հյուպատոսությունը հերքում է սպանության վարկածն ու շարունակում պնդել, որ լրագրողը դուրս է եկել շենքից ու կորել դրանից հետո միայն:

Նախօրեին թուրքական մամուլը հրապարակել է գործով կասկածյալ համարվող Սաուդյան Արաբիայի 15 քաղաքացիների լուսանկարները, որոնք նույն օրը Սաուդյան Արաբիայից 2 տարբեր օդանավերով ժամանել են Ստամբուլ, Խաաշկղիջիի՝ հյուպատոսարան մուտքից կես ժամ առաջ մտել են հյուպատոսության շենք և մոտ մեկուկես ժամ անց դուրս եկել ու 3 տարբեր մեքենաներով հեռացել տարածքից: