Մեքսիկայում սպանությունների ու կանիբալիզմի մեջ կասկածվող ընտանեկան զույգ է ձերբակալվել

02:49 • 11.10.18

Մեքսիկայում իրավապահ մարմինները ձերբակալել են մի ընտանեկան զույգի, որը կասկածվում է առնվազն 20 կնոջ դաժան սպանության ու կանիբալիզմի մեջ: Ինչպես տեղեկացնում է РИА Новости-ն, բոլոր հանցագործություններն իրականացվել են Մեխիկոյի ոչ շատ հարուստ արվարձաններից մեկում՝ Էկատեպեկում:

Ոստիկանության տվյալներով՝ տղամարդն իր ոճրագործությունները սկսել է գործել 2012 թվականից և սպանությունները կատարել է միայն նույն թաղամասում: Տարիների ընթացքում նա պարբերաբար փոխել է բնակության վայրը՝ մոտ գտնվելով հանցանքի վայրին:

«Նա հայտարարեց, որ մասնակցել է առնվազն 20 կնոջ սպանության, սակայն միայն 10-ի գործով է նշել հատկանիշներն ու հատուկ մանրամասները»,- նշել է Մեխիկոյի դատախազ Ալեխանդրո Գոմեսը:

Հարցաքննության ժամանակ տղամարդը հայտարարել է, որ հանցագործության դրդապատճառը եղել է մանուկ հասակում սեռական բռնության զոհ դառնալն ու հետագայում ընկերուհու կողմից խաբվելը: Նա նաև հավելել է, որ բանտից դուրս գալուց հետո «շարունակելու է սպանել կանանց»՝ հայտարարելով, որ «ավելի լավ է նրանց հազար անգամ ուտեն շներն ու առնետները, քան նրանք շարունակեն ապրել:

Ընդ որում՝ կասկածյալն ամուսնացած է և նրա կինը նույնպես ձերբակալվել է: Նրանց տանը հայտնաբերվել են զոհերի մարմինների սառեցված մասեր, այդ թվում նաև սրտեր: Ենթադրվում է, որ ամուսիններն օգտագործել են զոհերի մարմնի տարբեր մասերը սննդի մեջ և անգամ վաճառել են միսը: