Ֆրանկոֆոնիայի հսկայական ուժերից մեկն էլ բազմազանության ներառումն է, բայց դա առանց հավասարության արժեք չի կարող ունենալ. Շվեյցարիայի նախագահ

14:42 • 11.10.18

Աշխարհը Ֆրանկոֆոնիայի կարիք ունի. Ֆրանկոֆոնիայի գագաթնաժողովին իր ելույթում ասաց Շվեյցարիայի նախագահ Ալեն Բերսեն:

Նա նշեց, որ այս վեհաժողովն ընձեռում է հրաշալի հնարավորություն՝ կիսվելու այն մարտահրավերների շուրջ, որոնք իրենց անհանգստացնում են:

«Շատ-շատ բաներ փոխվել են, բայց, այնուամենայնիվ, հիմնական տենդենցները դեռ ներկա են, և որոշ տենդենցներ ամրապնդվում են: Դիմակայելով առճակատումներին՝ մենք պետք է միշտ հիշեցնենք միջազգային համագործակցության արժեքները, լինի կլիմայական հարցերի շուրջ հավաքներ, այս բոլոր միջամտությունները պետք է լինեն արդյունավետ և ճշմարտացի, և դրանք կլինեն ճշմարտացի և արդյունավետ, եթե մենք կարողանանք բազմաբևեռ պատասխաններ բերել»,-ասաց նա:

Ալեն Բերսեն նկատեց, որ այսօր իրենք տեսնում են հակառակ տենդենցը, որը տանում է պետություններին փակուղի և իզոլացման: «Այո, մենք այսօր ապրում ենք ժամանակներ, որտեղ առկա է բազմաբևեռ համագործակցության վստահության պակասը: Այս պարագայում ես վստահ եմ, որ Ֆրանկոֆոնիան մեծ արժեք է»,-ասաց նա:

Շվեյցարիայի նախագահը նշեց, որ ֆրանսերենը ոչ միայն հաղորդակցման միջոց է, այլ մի գործիք, որը կառուցում է միտքը: «Ֆրանկոֆոնիայի հսկայական ուժերից մեկն էլ բազմազանությունը հաշվի առնելը և  ներառելն է, բայց բազմազանությունն առանց հավասարության արժեք չի կարող ունենալ: Հաշվի առնելով այս բազմազանությունը՝ Ֆրանկոֆոնիան ունի շատ մեծ կարևորություն միջազգային ասպարեզում` ժողովրդավարության և խաղաղության նպաստելու երևույթներ, Ֆրանկոֆոնիան նաև ամբողջ ցանցն է օգտագործում, որպեսզի կիսի երիտասարդության և մշակութային արժեքները: Մշակութային կարևորագույն խաղացող է Ֆրանկոֆոնիան»,-ասաց նա:

Շվեյցարիայի նախագահ Ալեն Բերսենի խոսքով` Ֆրանկոֆոնիան չի կարող անմասն մնալ  ռեֆորմներին ու փոփոխություններին: Ըստ նրա՝ կարևոր է, որ Ֆրանկոֆոնիան նաև ընդունի նոր անդամների: Շվեյցարիայի ղեկավարը կարևոր առանցք համարեց մարդասիրական արժեքները, կին-տղամարդ հավասարությունը, ազատ ընտրությունները, օրենքի գերակայության և հավասարության հարգանքը:

«Եթե Ֆրանկոֆոնիան կարող է ներդրում ունենալ այս գործառույթներում, ապա դա հետևյալն է. մատնանշել խնդիրները և հաղթահարել դրանք: Այն փաստաթղթերը, որոնք ստորագրվելու են, ամբողջովին արտահայտում են «Միասին ապրելու» Երևանի գագաթնաժողովի ուղերձը»,-ասաց նա:

Շվեյցարայի նախագահը ևս հարգանքի տուրք մատուցեց Շառլ Ազնավուրի հիշատակին: