Գերմանիան բուլղարացի լրագրող Վիկտորյա Մարինովայի սպանության համար կասկածվող 20-ամյա երիտասարդին կարտահանձնի Բուլղարիային

14:01 • 12.10.18

Գերմանիայի Ստորին Սաքսոնիայի Ցելլե քաղաքի բարձր դատարանը բուլղարացի լրագրող Վիկտորյա Մարինովայի սպանության համար կասկածվող 20-ամյա երիտասարդի արտահանձնման մասին որոշում է կայացրել, գրում է ՌԻԱ Նովոստի գործակալությունը:


Այդկերպ ձերբակալվածը կալանքի տակ կմնա մինչ արտահանձնումը: Դա կարող է տեղի ունենալ տասն օրվա ընթացքում: 


Ավելի վաղ հաղորդվել էր, որ Բուլղարիայի ոստիկանությունը բացահայտել է հետաքննող լրագրող Վիկտորյա Մարինովայի սպանությունը: Այդ մասին ասել էր երկրի ՆԳ նախարար Մլադեն Մարինովը:


«Օպերատիվ գործողությունների արդյունքում Գերմանիայում ձերբակալվել է 1997 թվականին ծնված Սևերին Կրասիմիրովը: Կան բավականին իրեղեն ապացույցներ, այդ թվում՝ մասամբ պատրաստ են ԴՆԹ անալիզների արդյունքները, որոնք թույլ են տալիս հաստատել, որ հենց նա է իրականացրել հանցագործությունը»,- ասել է նախարարը:


Գլխավոր դատախազ Սոտիր Ցացարովն էլ նշել է, որ իրենք դեռ չեն կարող ասել, որ սպանությունը կապված է լրագրողի մասնագիտական գործունեության հետ: Ներկա պահին իրենք չեն բացառում և ոչ մի վարկած:  Հետաքննությունը շարունակվում է:


Հիշեցնենք, որ 30-ամյա Վիկտորյա Մարինովայի մարմինը հայտնաբերել էին կիրակի, Ռուսե քաղաքի զբոսայգում: Հանցագործները տարել են նրա հեռախոսը, մեքենայի բանալիներն ու ակնոցները: Նա կիսամերկ է եղել և, ինչպես պարզել է քննությունը, բռնաբարված:


Մարինովան բուլղարական TVN հեռուստաալիքով վարել է «Դետեկտոր» հեռուստածրագիրը: Նա լուսաբանել է կոռուպցիայի թեման ու պատմել Եվրամիության կողմից ֆինանսավորվող նախագծերի իրականացման ժամանակ թույլ տրված չարաշահումների մասին:


Նա դարձել է 2017 թվականից ի վեր Եվրամիության երկրներում սպանված 4-րդ լրագրողը: