Ամսական 3.500 ռուբլիով կարելի է ապրել. ՌԴ-ում նախարարն աշխատանքից հեռացվել է սկանդալային հայտարարության համար (տեսանյութ)
Ռուսաստանի Դաշնության Սարատովի մարզի աշխատանքի և սոցիալական զարգացման նախարար Նատալյա Սոկոլովան ազատվել է աշխատանքից սկանդալային հայտարարությունից հետո՝ նշելով, թե թոշակառուները կարող են ապրել ամսական ընդամենը 3.500 ռուբլիով:
Ինչպես նշում է svoboda.org-ը, նախարարի հեռացման տեղեկությունը հայտնել է Սարատովի նահանգապետի մամուլի քարտուղարը:
Աղբյուրը մանրամասնում է, որ աղմկահարույց հայտարարությունն արվել է մարզային դումայում, որտեղ քննարկվում էր թոշակառուների համար ամսական ծախսերի համար անհրաժեշտ նվազագույն գումարի հարցը:
Տեղի պատգամավորներից մեկի հետ բանավեճի ժամանակ Սոկոլովան ասել է, որ 3.500 ռուբլին միանգամայն բավարար է «նվազագույն ֆիզիոլոգիական պահանջների» բավարարման համար:
Դրան ի պատասխան պատգամավորն առաջարկել է նախարարին միառժամանակ այդ գումարով ապրել: Սոկոլովան առաջարկից հրաժարվել է՝ պատճառաբանելով նախարարի կարգավիճակը:










