Գերմանիայում անհետ կորած է համարվում շուրջ 3500 փախստական երեխա
«Deutsches Kinderhilfswerk» գերմանական հումանիտար կազմակերպությունն անհանգստացած է անհետ կորած փախստական երեխաների թվի աճով: Քրեական գործերով դաշնային վարչության տվյալներով՝ ոստիկանության տվյալների բազայում այս պահի դրությամբ գրանցված է մինչև 13 տարեկան 902 և 14-17 տարեկան ավելի քան 2500 փախաստական, որոնց գտնվելու վայրի մասին ոչինչ հայտնի չէ: Այս մասին ասված է կազմակերպության պաշտոնական կայքում:
«Deutsches Kinderhilfswerk»-ի տվյալներով՝ անհետ կորած դեռահաս փախստականների թիվն անդադար նվազում է, մինչդեռ մինչև 13 տարեկան անհետ կորած փախստական երեխաների թիվը 2018 թվականի վերջին քառորդում աճել է:
Իրավապաշտպանները վիճակագրական այս տվյալները տարօրինակ են համարում՝ հաշվի առնելով այն փաստը, որ Գերմանիա եկող փախստականների թիվն ընդհանուր առմամբ նվազում է: Կազմակերպության ղեկավար Հոլգեր Հոֆմանը պահանջել է միջազգային ու ազգային մակարդակով միջոցներ ձեռնարկել՝ անապահով երկրներից Եվրոպա եկող երեխաների անվտանգությունն ապահովելու և նրանց աջակցելու համար:
«Missing Children Europe» հասարակական կազմակերպությունն իր հերթին նախազգուշացրել է հանցավոր խմբավորումների շրջանում փախստական երեխաների հանդեպ հետաքրքրության աճի մասին՝ ընդգծելով, որ նրանք կարող են ֆիզիկական ու հոգևոր ճնշում գործադրել անչափահասների վրա՝ ստիպելով նրանց լքել փախստականների համար նախատեսված կենտրոնները:










