«Ինձ դա ընդհանրապես չի հուզում». Մելանյա Թրամփն ասել է՝ ում էր ուղղված իր բաճկոնի վրայի գրությունը
ԱՄՆ առաջին տիկին Մելանյա Թրամփը հայտարարել է, որ վերջերս Տեխաս՝ ծնողներից բաժանված ներգաղթյալ երեխաների պահման կենտրոններ այցի ժամանակ կրած կանաչ բաճկոնի վրայի գրությունը, որը հայտնվել էր լրատվամիջոցների ուշադրության կենտրոնում, ուղղված է եղել իր քննադատներին, այդ թվում՝ որոշ ԶԼՄ-ների:
Հիշեցնենք, որ Մելանյա Թրամփի կրած կանաչ բաճկոնի մեջքին սպիտակ տառերով գրված է եղել. «I really don`t care. Do U» («Ինձ դա ընդհանրապես չի հուզում: Իսկ ձե՞զ»):
«Դա ակնհայտ է, որ ես այն կրել էի ոչ երեխաների համար: Դա արվել է այն մարդկանց ու լրատվամիջոցների համար, որոնք ինձ քննադատում են»,- ասել է ԱՄՆ նախագահի կինը ABC News-ին տված հարցազրույցում:
«Ես կնախընտրեի, որ նրանք կենտրոնանային ոչ թե իմ հագածի, այլ արածի վրա»,- ասել է նա:
Որոշ ԶԼՄ-ներ ենթադրություն էին հայտնել, որ այդ գրությունը վերաբերել է ներգաղթյալներին:
Մելանյա Թրամփի ներկայացուցիչ Ստեֆանի Գրիշեմն ավելի վաղ հայտարարել էր, որ տվյալ հագուստը «ոչ մի գաղտնի իմաստ չի պարունակել»: «Այն պարզապես բաճկոն է»,- ասել էր նա:










