Կանադայի վարչապետ Ջասթին Թրյուդոն այցելել է Ծիծեռնակաբերդ
Կանադայի վարչապետ Ջասթին Թրյուդոն այցելեց Ծիծեռնակաբերդի հուշահամալիր և հարգանքի տուրք մատուցեց Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին:
Կանադայի վարչապետին ուղեկցում էին Երևանի քաղաքապետի առաջին տեղակալ Կամո Արեյանը և ՀՀ արտաքին գործերի նախարար Զոհրաբ Մնացականյանը։
Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտի տնօրեն Հարություն Մարությանը Կանադայի վարչապետին ներկայացրեց Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակը հավերժացնող Ծիծեռնակաբերդի հուշահամալիրի ստեղծման պատմությունը։
Ջասթին Թրյուդոն նաև շրջայց կատարեց Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտում, գրառում կատարեց թանգարանի հուշամատյանում:
Այնուհետև Կանադայի վարչապետը Ծիծեռնակաբերդի ծառուղում խորհրդանշական եղևնի տնկեց:
Կանադայի Սենատը Հայոց ցեղասպանությունը ճանաչել է 2002թ. հունիսի 13-ին:
Հիշեցնենք, որ երեկ վարչապետ Նիկոլ Փաշինյանի անունից` ի պատիվ Կանադայի վարչապետ Ջասթին Թրյուդոյի ՀՀ վարչապետի նստավայրում տրվել է պաշտոնական ընթրիք:
Երեկ Հանրապետության նախագահի նստավայրում կայացել է նաև նախագահ Արմեն Սարգսյանի և Ջասթին Թրյուդոյի հանդիպումը՝ երկու երկրների պատվիրակությունների մասնակցությամբ:
Կանադայի վարչապետն ասել է, որ հաճելի է խոսել Կանադայի ու Հայաստանի միջև բարեկամության մասին, որն ունի լավ պատմություն, սակայն շատ ավելի մեծ ապագայի ներուժ»: Նրա խոսքով՝ այժմ Հայաստանի համար հիանալի քաղաքական ժամանակահատված է, որը տանում է դեպի ավելի իրական, ավելի խորը ժողովրդավարություն, տնտեսական ավելի մեծ հնարավորություններ:











