Մենք հստակ արձանագրեցինք, որ լավ մթնոլորտը պետք է վերածենք գործուն քայլերի. Նիկոլ Փաշինյանը՝ ՀՀ-Կանադա հարաբերությունների մասին (տեսանյութ)
Նա առաջին վարչապետն է, որ այցելում է Հայաստան: Սա պատմական իրադարձություն է: Այս մասին Կանադայի վարչապետ Ջասթին Թրյուդոյի հետ ասուլիսին հայտարարեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ անդրադառնալով նրա այցին Հայաստան:
Նշենք, որ Կանադայի վարչապետը ՀՀ է ժամանել Ֆրանկոֆոնիայի 17-րդ գագաթնաժողովի շրջանակում:
Նիկոլ Փաշինյանը ողջունեց Կանադայի վարչապետին և նշեց, որ տեղի են ունեցել բանակցություններ վերջինի գլխավորությամբ:
«Մենք քննարկեցինք մեր հարաբերություններին և միջազգային հարաբերություններին վերաբերող լայն շրջանակ: Ուրախ եմ արձանագրել, որ, ըստ էության, բոլոր հարցերի վերաբերյալ մենք ունենք ընդհանուր պատկերացումներ: Կանադայի վարչապետը տեղեկացված է ՀՀ-ում տեղի ունեցած իրադարձությունների վերաբերյալ: Ուրախ եմ, որ ունենք Թրյուդոյի աջակցությունը ՀՀ-ի ժողովրդավարության գործում»,-ասաց ՀՀ վարչապետը:
Նա իր խոսքում նշեց, որ Հայաստան-Կանադա հարաբերություններում շատ լավ մթնոլորտ է տիրում. «Մենք հստակ արձանագրեցինք, որ լավ մթնոլորտը պետք է վերածենք գործուն քայլերի»:
Նիկոլ Փաշինյանը տեղեկացրեց, որ Կանադայի վարչապետի հետ խոսել են մարդկային հարաբերությունների ամրապնդման մասին: «Իսկապես կարող ենք ասել, որ ՀՀ-ի և Կանադայի հարաբերությունները փայլուն են: Ես իրեն այս հանդիպումների արդյունքում այլևս համարում եմ լավ ընկեր, լավ բարեկամ, բայց նաև անձամբ իմ ընկերն ու իմ բարեկամը: Ես ուզում եմ իմ հիացմունքն արտահայտել պարոն Թրյուդոյի նկատմամբ: Հույս ունեմ, որ դեռ հանդիպելու բազմաթիվ առիթներ կունենանք, և այդ շփումները կոնկրետ արդյունքներ կտան»:










