ՕԵԿ-ը Երևանում միշտ ավելի քիչ ձայներ է ստացել, քան մարզերում, մենք մասնակցելու ենք արտահերթ ընտրություններին. Հ. Բիշարյան
«Օրինաց երկիր» կուսակցության փոխնախագահ Հեղինե Բիշարյանը, Tert.am-ի հետ զրույցում անդրադառնալով դեկտեմբերին արտահերթ ընտրություններ անցկացնելու դեպքում ՕԵԿ-ի մասնակցությանը, ասաց, որ միանշանակ մասնակցելու են:
Ինչ վերաբերում է հարցին, թե կհասցնեն պատրաստվել, նա ասաց.
«Բոլոր քաղաքական ուժերն էլ նույն շրջանակում են, նույն հնարավորությունների մեջ են: Քանի որ քիչ թե շատ պատկերացնում էինք, որ արտահերթ ընտրություններ պետք է տեղի ունենամ, դրանք սպասելի էին, ըստ այդմ, պատրաստվել ենք այնքանով, որքանով»։
Դիտարկմանը, թե հաշվի առնելով Երևանի ավագանու ընտրություններին ստացած ձայների քանակը՝ տեսնում է արդյոք խորհրդարանական շեմը հաղթահարելու հնարավորություն, Հեղինե Բիշարյանն ասաց, որ ավագանու ընտրությունները հեղափոխություն կատարած Հայաստանում ատաջին ընտրություններն էին, իշխանափոխություն կատարած ուժի ամրապնդման խնդիր կար, և մասնակցեց ընտրողների 43 տոկոսը:
«Այդ ժամանակ կոչեր կային, ըստ որոնց՝ երկրում կան հակահեղափոխական ուժեր, և այդ կոչերն ունեցան իրենց ազդեցությունը, որ պետք է աջակցել հեղափոխություն կատարած ուժին: Հիմա կարծես հակահեղափոխության գաղափարն այլևս չկա, և արդեն կարծես թե դաշտը պետք է քաղաքականացվի: Բացի դրանից, շատ են տարբերվում քաղաքի ընտրությունները ընդհանուր համապետական ընտրություններից, արդեն կխոսվի քաղաքական ուժերի վերադասավորումների մասին, և յուրաքանչյուր քաղաքական ուժ իր ընտրազանգվածին կհամախմբի իր շուրջ»,- ասաց նա:
Բիշարյանը նկատեց, որ ՕԵԿ-ը Երևանում միշտ ավելի քիչ ձայներ է ստացել, քան մարզերում: «ՕԵԿ կենսագրության մեջ մեր 60-70 տոկոս ձայները մարզերից ենք ստացել, Երևանում միշտ ավելի քիչ են եղել ձայները»,- ասաց նա:
Հեղինե Բիշարյանը նկատեց, որ բոլոր քաղաքական ուժերի համար է դժվար եղել Երևանի ավագանու ընտրություններին, և որևէ մեկն իր ակնկալած ձայները չի ստացել: «Այդ էյֆորիան, նաև այդ հակահեղափոխության գաղափարն ունեցան իրենց ազդեցությունը Երևան քաղաքի ընտրությունների վրա»,- ասաց նա:
ՕԵԿ փոխնախագահը նշեց, որ բացի դրանից, գոյություն ունի Սահմանադրության պահանջ, Ընտրական օրենսգրքով շեմը իջեցնելու խնդիր է դրված, և առնվազն չորս քաղաքական ուժ է անցնելու խորհրդարան:
«Ես նույնիսկ կնախընտրեի՝ քաղաքական ուժերի քանակն ավելացվի, սա իմ կարծիքն է, քանի որ հետհեղափոխական շրջանում դեռևս երկար ժամանակ էյֆորիան լինում է, որը ազդում է մյուս քաղաքական ուժերի ձայների վրա»,- ասաց նա և նշեց, որ այդ փոփոխությունները ևս կլինեն հօգուտ մյուս քաղաքական ուժերի։
Ինչ վերաբերում է այլ ուժերի հետ համագործակցությանը կամ դաշինքով ներկայանալուն, Հեղինե Բիշարյանն ասաց, որ չի կարող այդ մասին հիմա բարձրաձայնել:
«Ե՛վ բանակցություններ են լինում, և խոսակցություններ, և՛ հանդիպումներ, որոնք կունենան իրենց վճռական արդյունքը. երբ մենք ինչ-որ բան կորոշենք, հանրությանը տեղյակ կպահենք: Միանշանակ, նախընտրական շրջանում լինում են նման բանակցություններ»,- ասաց նա:
Դիտարկմանը, թե պարբերաբար խոսվում է հին ուժերին նորերով փոխարինելու վերաբերյալ, և հարցին՝ արդյոք նախկին իշխանության հետ իրենց նախկին համագործակցությունը բացասական չի անդրադառնա ՕԵԿ-ի վրա, Բիշարյանն ասաց, որ նման կերպ մտածողներն ընկնում են ծայրահեղության մեջ:
«Չի կարելի հին ու նորի բաժանել, քանի որ բոլոր քաղաքական ուժերն ունեն իրենց անցած ճանապարհը, հնարավոր է՝ որևէ ուժի անցած ճանապարհը բացասական գնահատականների, գործողությունների տարափի տակ է, և վարկանիշի անկում կա, բայց բոլոր քաղաքական ուժերի անցած ճանապարհը հրապարակային է և հանրության աչքի առաջ է»,- ասաց նա և նշեց, որ ՕԵԿ-ը, բացի օրենսդիր գործունեությունից, ժողովրդին ծառայելու մոտեցումներից, ոչնչով չի զբաղվել:
«Մենք շեշտադրում ենք՝ ո՛չ թալանի, ո՛չ արյան հետ որևէ կապ չի ունեցել մեր քաղաքական ուժը: Այդ առումով, կարծում ենք, մենք արժանապատիվ անցած ճանապարհ ունենք, և այդ ճանապարհը պետք է շարունակենք: Մեր կատարած առաքելությունը և Արթուր Բաղդասարյանի անցած ճանապարհը ողջ հանրությունը տեսել է»,- ասաց նա:
Հեղինե Բիշարյանն անընդունելի համարեց քաղաքական ուժերին տարբեր գույների ու գնահատականների բաժանումը և նշեց, որ երբեք պետք չէ սևացնել որևէ մեկի անցած ճանապարհը:
«Եթե մարդիկ կան, որ արել են սխալներ, թալանել են, կարող է՝ մարդիկ կան, որ արյան հետ կապ ունեն, պետք է պատասխան տան»,- ասաց նա և ընդգծեց, որ չկա այսօր մի քաղաքական գործիչ, որ անցյալից չի գալիս:










