ԸՕ-ի փոփոխությունների փաթեթը կգա վերջնական տեսքի, և շուտով կառավարությունն այն կուղարկի ԱԺ. Դանիել Իոաննիսյան

21:15 • 14.10.18

Դեռևս մայիս-հունիս ամիսներից սկսած քննարկվում էր, որ արտահերթ խորհրդարանական ընտրությունների սցենարը հենց այն է, որ վարչապետը հրաժարական է տալիս, ապա խորհրդարանը փորձում է վարչապետ ընտրել, չի կարողանում և օրենքի ուժով լուծարվում է:

Այս մասին «Ազատություն» ռադիոկայանի «Կիրակնօրյա վերլուծական» հաղորդման ժամանակ ասաց ՀՀ վարչապետին առընթեր Ընտրական օրենսդրության բարեփոխումների հանձնաժողովի քարտուղար Դանիել Իոաննիսյանը՝ խոսելով վարչապետ Նիկոլ Փաշինյանի հրաժարական տալու սպասվող քայլի մասին:

«Ըստ էության, եթե վարչապետը հրաժարական տա մինչև ամսի 16-ը՝ նշանակում է, որ ընտրությունները կանցկացվեն դեկտեմբերի 9-ին»,-նշեց նա: Վերջինս նկատեց, որ ցանկալի կլիներ, որ ավելի ուշ լիներ վարչապետի հրաժարականը, որպեսզի ևս մի քանի օր շահեին՝ ընտրությունները անցկացնելու, սակայն դեկտեմբերի 9-ն էլ է հնարավոր տարբերակ:

Ինչ վերաբերում է Ընտրական օրենսգրքի փոփոխություններին, ապա Դանիել Իոաննիսյանն ասաց, որ բարեփոխումները դրական հնարավորություններ են տալիս կուսակցություններին: «Այն վերջնական տեսքի բերելու փուլում է, երկուշաբթի կգա վերջնական տեսքի, և փաթեթը շուտով Կառավարությունը կուղարկի Ազգային ժողով»,-ասաց նա:

Նա հույս հայտնեց, որ այսպես կոչված՝ ռեյտինգային ընտրակարգի վերացմանը ՀՀԿ-ն, «Ծառուկյան» դաշինքը կողմ կքվեարկեն. «Անցանկալի սցենար է փաթեթի՝ փոփոխությունների տապալումը: Տեխնիկապես շատ կդժվարանա ընտրությունների իրականացումը, եթե օրենսգիրքը չփոխվի, բացի այն, որ խաղի կանոնները չեն փոխվի, իհարկե, օրինականությունը կպահպանվի, բայց խաղի կանոնները, որոնք որ պետք է պաշտպանեն իրավապահները, չեն փոխվի ու կմնան հինն ու վատը: Բայց դրանից բացի կլինեն նաև տեխնիկական խնդիրներ»:

Դանիել Իոաննիսյանն ասաց նաև, որ նոր ԸՕ-ով ընդդիմադիրներին է հնարավորություն ընձեռնվում մուտք ունենալ խորհրդարան. ավելացվում է նվազագույն քաղաքական ուժերի քանակը, որ անկախ անցողիկ շեմից պետք է մուտք գործեն խորհրդարան՝ այդ թիվը 3-ից սահմանելով 4: