ԱՄՆ-ում տեղի ունեցած վթարից հետո Իսրայելը վերականգնել է F-35 կործանիչների թռիչքները
ԱՄՆ-ում տեղի ունեցած վթարից հետո Իսրայելի ռազմաօդային ուժերը որոշել են վերականգնել հինգերորդ սերնդի F-35 կործանիչ ինքնաթիռների թռիչքները՝ նախապես ստուգելով դրանց սարքինությունը: Այս մասին հաղորդում է РИА Новости-ն՝ հղում անելով իսրայելական բանակի մամուլի ծառայությանը:
Իսրայելն ԱՄՆ-ում պատվիրել է 50 նմանատիպ ինքնաթիռ և ստացել առնվազն 9-ը՝ դառնալով Մերձավոր Արևելքում միակը, որն ունի նման ինքնաթիռ և հասցրել է այն կիրառել:
«Բոլոր այդ ինքնաթիռների տեխնիկական զննումից հետո Իսրայելի օդուժի գլխավոր հրամանատար Ամիկամ Նորկինը որոշել է կրկին լիարժեք շահագործման հանձնել F-35I-ները»,-ասված է մամուլի հաղորդագրության մեջ:
F-35 ինքնաթիռների թռիչքների դադարեցման և տեխնիկական զննում անցկացնելու պատճառը սեպտեմբերին Հարավային Կարոլինայում ԱՄՆ ծովային հետևակի կորպուսին պատկանող F-35B ինքնաթիռի կործանումն էր: Սակայն իսրայելական զինվորականներն ընդգծում են, որ վթարի ենթարկված ինքնաթիռը եղել է B տեսակի, որից իսրայելական օդուժը չունի:










