Պետբյուջեից ռազմական ոլորտի հատկացումների մեծացումը բանակի մոդեռնիզացման շրջանակում է, ոչ թե պատերազմի վերսկսման․ Մանվել Սարգսյան

21:47 • 15.10.18

ՀՀ կառավարության կողմից հաստատված 2019 թ․ պետական բյուջեի նախագծի համաձայն՝ Պաշտպանության նախարարությանը հատկացվելիք գումարներն ավելացել են՝ դառնալով 528,7 միլիոն ԱՄՆ դոլար՝ 2018 թ-ի 468 միլիոն ԱՄՆ դոլարի փոխարեն։

ՊՆ մամուլի խոսնակ Արծրուն Հովհաննիսյան էլ հայտարարել է, թե հիմնականում շեշտը դրվելու է սպառազինության վրա։

Ռազմական ոլորտին հատկացումերի ավելացումն ամենևին չի զարմացնում Ռազմավարական և ազգային հետազոտությունների հայկական կենտրոնի գիտական մասի գծով տնօրեն, քաղաքական վերլուծաբան Մանվել Սարգսյանին։ Ըստ նրա՝ իրավիճակը շատ պարզ է, այսինքն՝ բանակի մոդեռնիզացման խնդիր է դրված:

«Հիշում եք չէ՞ Սերժ Սարգսյանի հայտնի խոսքը՝ 80-ականների զենքով կռվելու հետ կապված, իսկ հիմա Ադրբեջանը շատ ինտենսիվ մոդեռնիզացնում է բանակը, բնական է, որ մեր հայկական բանակն էլ մոդեռնիզացվի նորագույն զենքերով. չէ՞ որ ՌԴ-ի հետ պայմանագրերը կան, վարկերը կան։ Բնական է, որ պետք է ավելանա, եթե մոդեռնիզացման ծրագիրը կայացնելու ցանկություն կա։ Էլ չեմ խոսում այն մասին, որ նոր կառավարությունը բազմիցս հայտարարել է, որ նորագույն զենքեր կարող են գնել նաև այլ երկրներից»,- ասաց նա։

Մանվել Սարգսյանը չի հերքում, որ 2008-ից այս կողմ, չհաշված ապրիլյան պատերազմին հաջորդած տարին, պետբյուջեից ռազմական ոլորտին հատկացումներն այսքան մեծ չեն եղել։ Սակայն նա գտնում է, որ առկա իրավիճակը պետք է դիտարկել ոչ թե լայնածավալ ռազմական գործողությունների սկսման համատեքստում, այլ նոր կառավարության այն հայտարարությունների, որ զենք կարող են գնել նաև Հնդկաստանից և այլն․

«Մենք չինական զենքեր գնել ենք, ինչո՞ւ պետք է Հնդկաստանից  չգնենք։ Ի դեպ, ՌԴ մի շարք պաշտոնյաներ էլ ասում էին՝ գնացե՛ք, այլ երկրներից գնեք»,- շարունակեց նա։ Ինչ վերաբերում է տարածաշրջանային խնդիրներին, լայնածավալ ռազմական գործողությունների սկսման մարտահրավերներին դիմակայելուն, քաղաքագետը նշեց, թե զենքերի քանակի, որակի ավելացումը ընդհանրապես փոխում է ռազմաքաղաքական վիճակը տարածաշրջանում։

«Սրա հետ կապված ամենաիրական հանգամանքն այն է, թե ոնց է ընդունվելու որոշում, ով պետք է պատերազմի որոշում կայացնի։ Եթե ասենք սադրանքներ կամ այլն, դա այլ բան է, բայց լայնածավալ պատերազմը, որը կարող է լինել ավելի նվաճողական, այլ է, քանի որ հարց է՝ հնարավո՞ր է նման որոշում ընդունել, թե՞ ոչ։ Ադրբեջանը գործողություններ սկսելու համար պետք է Թուրքիայի հետ համագործակցի, իսկ Թուրքիան ՆԱՏՕ-ի անդամ պետություն է, կա ՌԴ-ի գործոնը և այլն, իսկ դա շատ բարդ խնդիր է»,- ընդգծեց Մանվել Սարգսյանը։

Քաղաքական վերլուծաբանն ուշադրություն հրավիրեց ադրբեջանական կողմի այն հայտարարությունների վրա, թե իրենք պատրաստ են լայնածավալ պատերազմի, բայց սպասում են համապատասխան քաղաքական վիճակի։ Մանվել Սարգսյանի դիտարկմամբ՝ Ադրբեջանի կողմից նման հայտարարությունը նշանակում է, որ  իրենք էլ գիտակցում են, որ հենց այնպես չեն կարող լայնածավալ ռազմական գործողություններ սկսելու որոշում ընդունել։

«Նրանք պետք է աջակցություն, «գառանտիաներ» ստանան, որոնք  շատ բարդ հարցեր են։ Իհարկե, այս պահին այդ թույլտվությունը չկա, որովհետև, եթե գերտերությունները կես բերան ասում են, որ խնդիրը պետք է կարգավորվի խաղաղ ճանապարհով, դա հենց այնպես բառեր չեն, այլ դա դիրքորոշում է։ Բնական է, որ պատերազմի սիրահարների վիճակն այդ դիրքորոշումից բարդանում է։ Ապրիլյան պատերազմն էլ հենց այնպես չէր, քանի որ այդ ժամանակ ստեղծվել էր մի իրավիճակ, երբ ռուս-թուրքական հարաբերություններում շատ բարդություններ կային, և ինչ-որ պահի Ադրբեջանի համար պատերազմի հնարավորություն է ստեղծվել, որից նա օգտվեց»,- հավելեց Մանվել Սարգսյանը։

 

ՀեղինակԱնի Օհանյան