Արքայազն Հարին և Մեգան Մարքլը ժամանել են Ավստրալիա
Մեծ Բրիտանիայի արքայազն Հարին և նրա կինը՝ դերասանուհի Մեգան Մարքլը, որն ամուսնությունից հետո կրում է Սասեքսի դքսուհու տիտղոսը, ժամանել են Ավստրալիա, տեղեկացնում է Associated Press գործակալությունը:
Հայտնի է, որ զույգին օդանավակայանում դիմավորել են բազմաթիվ երկրպագուներ: Սա Հարիի և Մարքլի առաջին արտասահմանյան համատեղ ուղևորությունն է ամուսնությունից հետո:
Նշվում է, որ թեև նրանք արդեն ժամանել են Ավստրալիա՝ պաշտոնական այցը կմեկնարկի վաղը:
Ընդհանուր առմամբ, արքայազնի ու դքսուհու արտասահմանյան ուղևորությունները կտևեն 16 օր, որոնց ընթացքում նրանք կմասնակցեն Նոր Զելանդիայում, Ֆիջիում և Տոնգայում 76 տարբեր միջոցառումների:
Հիշեցնենք, որ օրեր առաջ Հարին և Մեգանն առաջին անգամ այցելել են Սասեքսի կոմսություն: Կոմսության հարյուրավոր բնակիչներ դուրս էին եկել փողոցներ՝ դիմավորելու միապետական ընտանիքի նորապսակ զույգին:










