Հարուցվել է քրգործ Կարմիր գրքում գրանցված 3 մարգահավ, ինչպես նաև սահմանված քանակից ավելի լոր տեսակի թռչուն որսալու համար. ՔԿ

11:48 • 15.10.18

ՀՀ քննչական կոմիտեի Գեղարքունիքի մարզային քննչական վարչությունում քննություն է տարվում՝ ապօրինի որս կատարելու դեպքի հանգամանքները պարզելու ուղղությամբ: Այս մասին հայտնում են Քննչական կոմիտեից:

2018թ. սեպտեմբերի 15-ին Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի կենսաբազմազանության վերահսկողության վարչության աշխատակիցների կողմից կատարված ստուգայցի ընթացքում արձանագրվել է ապօրինի որս կատարելու դեպք:

Մասնավորապես՝ պարզվել է, որ Արարատի մարզի երեք բնակիչներ Գեղարքունիքի մարզի Չկալովկա համայնքի վարչական տարածքում առերևույթ իրականացրել են ապօրինի որս:

Քննությամբ տվյալներ են ձեռք բերվել, որ նշված անձինք որսացել են ՀՀ կենդանիների կարմիր գրքում գրանցված թվով 3 մարգահավ, որոնց որսն ամբողջովին արգելված է: Բացի այդ, որսացել են նաև սահմանված քանակից ավելի լոր տեսակի թռչուն՝ պետությանը պատճառելով 316 000 ՀՀ դրամի վնաս:

Փաստի առթիվ 2018թ. հոկտեմբերի 12-ին ՀՀ քննչական կոմիտեի Գեղարքունիքի մարզային քննչական վարչությունում հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 294-րդ հոդվածի 1-ին մասի 3-րդ կետով:

Իրականացված միջոցառումների արդյունքում պարզվել է ենթադրյալ հանցագործություն կատարած անձանց ինքնությունը:

Կատարվում է նախաքննություն: