«Դա անվստահություն է ծնել երկրի իրավական համակարգի հանդեպ». Բուլղարիայի նախագահը մեկնաբանել է 30-ամյա լրագրողի աղմկահարույց սպանությունը

10:50 • 15.10.18

Բուլղարիայի նախագահ Ռումեն Ռադևը հայտարարել է, որ 30-ամյա հետաքննող լրագրող Վիկտորյա Մարինովայի աղմկահարույց սպանությունն անվստահություն է ծնել երկրի իրավական համակարգի հանդեպ:

Ինչպես գրում է «РИА Новости» գործակալությունը, նախագահը կոչ է արել դատական ու իրավապահ մարմիններին ապացուցել ոչ միայն Բուլղարիայի քաղաքացիներին, այլև միջազգային գործընկերներին, որ նման հանցագործություններն իրենց երկրում արդյունավետ կերպով բացահայտվում ու պատժվում են օրենքի ամբողջ խստությամբ:

Հիշեցնենք, որ հոկտեմբերի 6-ին բուլղարական Ռուսե քաղաքում սպանվել է TVN տարածաշրջանային հեռուստաալիքի հաղորդավարուհի 30-ամյա Վիկտորյա Մարինովան: Չի բացառվում, որ նրա սպանությունը կապված լինի լրագրողական հետաքննության հետ, որը նա վարում էր: Վերջին թեման, որի շուրջ աշխատել է Մարինովան, Եվրամիության հիմնադրամներից միջոցների հափշտակման շուրջ բարձրացած աղմուկն էր:

Հոկտեմբերի 9-ին Գերմանիայում ձերբակալվել է լրագրողի սպանության կասկածյալը՝ 21-ամյա Սևերին Կրասիմիրովը: Սպասվում է, որ նա կարտահանձնվի հայրենիք: Բուլղարիայում հեռակա կարգով նրան արդեն մեղադրանք է առաջադրվել սպանության ու բռնաբարության համար, այն ապացուցվելու դեպքում երիտասարդին սպառնում է ցմահ բանտարկություն: