«Պուտինը, հնարավոր է, մասնակից է քաղաքական սպանություններին ու թունավորումներին». Թրամփ
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը CBS News-ին տված հարցազրույցում ասել է, որ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը, հնարավոր է, մասնակից է քաղաքական սպանություններին ու թունավորումներին:
Թրամփին 60 Minutes հեռուստածրագրի ժամանակ հարցրել են՝ արդյոք նա համաձայն է այն կարծիքի հետ, որ Պուտինը «ներգրավված է սպանություններին, թունավորումներին»:
«Հավանաբար այո: Հավանաբար»,- ասել է ԱՄՆ նախագահը:
Նա ընդգծել է, որ դա տեղի է ունենում ոչ իր երկրում:
«Իհարկե, նրանք (ռուսները) չպետք է դա անեն»,- ասել է Թրամփը:
ԱՄՆ ղեկավարին հարցրել են նաև՝ ինչու նա հրապարակայնորեն կտրուկ արտահայտություններ չի անում Պուտինի հասցեին: ԱՄՆ նախագահը պատասխանել է, որ նա «շատ կոպիտ» է եղել Պուտինի հետ Հելսինկիում հուլիսին կայացած անձնական հանդիպման ժամանակ:
Հիշեցնենք, որ անգլիական Սոլսբերի քաղաքում այս տարվա մարտին թունավորել էին ռուսական հետախուզական ծառայության նախկին աշխատակից Սերգեյ Սկրիպալին ու նրա դստերը: 66-ամյա նախկին լրտես Սերգեյ Սկրիպալը և նրա դուստրը նյարդապարալիտիկ գազի ազդեցության էին ենթարկվել ու անգիտակից վիճակում տեղափոխվել հիվանդանոց։ Մեծ Բրիտանիան կատարվածի համար մեղադրում է Ռուսաստանին:










