Երևանի կենդանաբանական այգում կայացել է նկարչական դաս-ցուցահանդես

10:09 • 15.10.18

Երևանի Կենդանաբանական այգում երեխաները ցուցադրել են իրենց նկարչական հմտությունները: Այս մասին հայտնում են Երևանի Կենդանաբանական այգու հանրային կապերի բաժնից:

Հոկտեմբերի 14-ին Երևանի կենդանաբանական այգում կայացավ «Արևի քաղաքիս սիրված անկյուն» խորագրով կազմակերպված նկարչական դաս-ցուցահանդեսը:

Ուրախ ու գունեղ միջոցառմանը մասնակցեցին բոլորը՝ այգու մեծ ու փոքր այցելուները, աշխատակիցները և իհարկե, ապագա արհեստավարժ նկարիչները՝ Փ. Թերլեմեզյանի անվան Գեղարվեստի պետական քոլեջից և Հայկական պետական մանկավարժական համալսարանի հենակետային վարժարանից:

Վերջիններս ներկայացրեցին իրենց այն աշխատանքները, որ նկարել էին հենց Այգում՝ տարբեր կենդանիների ազատ ավանդակների մոտ:

Կենդանաբանական այգին, իր կանոնադրական նպատակների թիրախում ունենալով քաղաքացիների, մանավանդ՝ երեխաների էկո կրթության և վայրի բնության նկատմամբ հոգատարություն սերմանելու խնդիրները, մշտապես համագործակցել է տարբեր ուսումնական հաստատություններին: Այս անգամ ևս, նախնական պայմանավորվածության համաձայն, ամիսներ շարունակ, գեղարվեստի վերոնշյալ քոլեջների սաներն անվճար այցելում էին այգի և ստեղծագործում այնտեղ:

Օրն սկսվեց կավճանկարով, իսկ քիչ այն կողմ ստեղծագործում էին ջրաներկով  աշխատողները: Այգու տրամադրած ներկանյութերի և նկարչական պարագաների միջոցով յուրաքանչյուրը կարողացավ բացահայտել իր նկարչական ունակությունները՝ արհեստավարժների խորհուրդներով: Ակտիվ էին նաև նկարել ցանկացող ծնողները: