Դավիթ Գևորգյանը նշանակվեց Արագածոտնի, Հունան Պողոսյանը՝ Սյունիքի, Համբարձում Մաթևոսյանը՝ Արմավիրի մարզպետ
Այսօր կառավարության արտահերթ նիստում նշանակվեց երեք մարզպետ: Որոշում կայացվեց Դավիթ Գևորգյանին Հայաստանի Հանրապետության Արագածոտնի մարզպետ նշանակել, Հունան Պողոսյանին՝ Սյունիքի մարզպետ, իսկ Համբարձում Մաթևոսյանին՝ Արմավիրի մարզպետ:
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը նշեց, որ Դավիթ Գևորգյանը տարածքային կառավարման և զարգացման նախարարի տեղակալն էր: «Նա հայտնի է եղել քաղաքացիական գործունեությամբ և թավշյա հեղափոխության ակտիվ մասնակիցներից է»,-ներկայացրեց վարչապետը:
Անդրադառնալով Հունան Պողոսյանի նշանակմանը՝ վարչապետը հիշեցրեց, որ նա երկար տարիներ զբաղեցրել է ոստիկանապետի առաջին տեղակալի պաշտոնը նախկին իշխանության տարիներին: «Կարծում եմ, որ որոշ իմաստով այս առաջարկը կարող է տարօրինակ թվալ, և ուզում եմ հիմա ներկայացնել, թե ինչ ենք ուզում անել, ինչու և ինչպես»,-ասաց նա:
Վարչապետն ամենակարևոր խնդիրը համարեց ոչ բռնի, թավշյա հեղափոխությունն ավարտին հասցնելը և ՀՀ-ի ու ժողովրդի ներուժը ներգրավել ՀՀ հետագա զարգացման գործում:
«Այս իմաստով կարևոր եմ համարում, որ երկրում տեղի ունեցած հեղափոխության արդյունքում որևէ մեկն իր կյանքը ավարտված չհամարի Հայաստանում, և այս տրամաբանության մեջ, կարծում եմ, չպետք է թույլ տանք՝ զարգանա այնպիսի երևույթ, որը պայմանական կարելի է անվանել՝ քաղաքական ռասիզմ, երբ մարդիկ որոշակի հետապնդումների են ենթարկվում միայն նրա համար, որ նախկինում գործունեություն են ծավալել»,-ասաց նա և նկատեց, որ այսօրվա կառավարությունում քիչ չեն մարդիկ, որ այդպիսի առնչություններ են ունեցել:
«Գալիս է լիարժեք համախմբման ժամանակը, կա բարիկադներ կառուցելու և դրանք ապամոնտաժելու ժամանակ»,-ասաց նա:
Նիկոլ Փաշինյանը նշեց, որ բոլորը հավասար են օրենքի առաջ: «Բայց ես ուզում եմ ասել, որ դա չի նշանակում, որ փակում ենք կառավարության պետական կառավարման համակարգի օպտիմալացման և ավելի արդյունավետ կառավարություն ունենալու տրամաբանությունը»,-ասաց նա և նկատեց, որ այսօր կառավարման համակարգում 90 և ավելի տոկոսը մարդիկ նույնն են, այսինքն՝ նրանք իրենց աշխատանքին են մնացել:
«Մեր եզրակացությունն այն չէ, որ նրանց հանել է պետք և բերել ուրիշ 90 տոկոս, բայց նաև այն չէ, որ 90 տոկոսին անձեռնմխելի է պետք թողնել, մանավանդ ես ուղիղ եմ ուզում ասել, որ կա բավականին մեծ տոկոս, որ ամենևին չունենա աշխատելու ու ցանկություն, կամ ոմանք կան, որ ցանկանում են՝ ուրիշները չկարողանան աշխատել, և թեև չեմ սիրում այդ բառը, բայց ակնհայտորեն որոշակի սաբոտաժի նմանվող կամ որպես այդպիսին մեկնաբանվելու հնարավորություն տրվող երևույթներ կան»,-ասաց նա:
Վարչապետն ընդգծեց, որ սիմվոլիկ է համարում այս երեք նշանակումները, քանի որ նրանցից մեկը հեղափոխության ակտիվ մասնակիցներից է, Հունան Պողոսյանը բարիկադների փշալարերի մյուս կողմից էր, ինչպես Վալերիյ Օսիպյանը և Արթուր Վանեցյանը, իսկ Համբարձում Մաթևոսյանն էլ ընդհանրապես քաղաքական նախընտրություններ չունեցող, չեզոք միջավայրից եկող գործիչ է: «Այս առումով մենք ուրվագծում ենք ապագայի վերաբերյալ մեր պատկերացումները: Մեզանից որևէ մեկը Հայաստանում անձեռնմխելի չէ, և դա պետք է բոլորս հասկանանք: Ես կարծում եմ, որ մենք ճիշտ ճանապարհով ենք գնում՝ համախմբելու և հնարավոր ներուժը ծառայեցնելու»,-հավելեց նա և շնորհավորեց մարզպետներին:
Հունան Պողոսյանի կենսագրական տվյալները
Ծնվել է 1964 թ. մայիսի 30-ին, Երևան քաղաքում:
Ավարտել է Երևանի պետական համալսարանը` իրավաբանի որակավորմամբ:
1982-1984 թթ. ծառայել է Խորհրդային բանակում:
1991-1993 թթ. աշխատել է Շահումյանի ՆԳԲ-ում, որպես անչափահասների գործերով տեսչության տեսուչ, քրեական հետախուզության բաժանմունքի օպերլիազոր, ավագ օպերլիազոր
1993-1995 թթ.՝ Մաշտոցի ՆԳ բաժնի քրեական հետախուզության բաժանմունքի պետ
1995-1996 թթ.` Քրեական հետախուզության վարչությունում, որպես պետի տեղակալ
1996-1999 թթ.` Քրեական հետախուզության վարչության պետ
1999-1999 թթ.` Մաշտոցի ՆԳ բաժնի պետ
1999-2000 թթ.` Կենտրոնական ՆԳ բաժնի պետ
2000-2001 թթ.` Արաբկիրի ՆԳ բաժնի պետ
2001-2004 թթ.` Երևան քաղաքի ՆԳ վարչությունում, որպես պետի օպերատիվ գծով տեղակալ
2004-2008 թթ.` ՀՀ ոստիկանության Արարատի մարզային վարչության պետ
2008-2010 թթ.` զբաղեցրել է ՀՀ ոստիկանության կազմակերպված հանցավորության դեմ պայքարի գլխավոր վարչության պետի պաշտոնը:
2010 թ. նշանակվել է ՀՀ ոստիկանության պետի առաջին տեղակալի պաշտոնին:
ՀՀ Նախագահի հրամանագրով 2010 թ. շնորհվել է «ոստիկանության գեներալ-մայոր» կոչում:
2018 թվականի մայիսի 11-ին նա հրաժարականի դիմում է ներկայացրել ոստիկանության պետի առաջին տեղակալի պաշտոնից:
Ամուսնացած է, ունի մեկ դուստր, երկու որդի:
Դավիթ Գևորգյանի կենսագրական տվյալները
Տարեթիվ, ամսաթիվ, ծննդավայր
1991թ. 22 մարտի, ք. Երևան
Կրթություն
1998-2007թթ. սովորել է Երևանի N 78 միջնակարգ դպրոցում:
2007-2014թթ.սովորել է Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանում՝ «շուկայաբանության» (մարքեթինգ) բաժում՝ ստանալով շուկայաբանության բակալավրի որակավորումը:
Աշխատանքային գործունեություն
2012թ. հիմնել է «Բիզնես Քալչր» ՍՊԸ-ն, որը զբաղվում է մարքեթինգային գործունեությամբ և գովազդով:
2013-2015թթ. «Դանիելյան պրինտ» ՍՊԸ («Նոյյան Տապան» տպագրատուն) զբաղեցրել է տնօրենի պաշտոն:
2016-2018 թթ. «Առգե բիզնես» ՍՊԸ շուկայի ուսումնասիրության մասնագետ:
2018թ.հունիսի 8-ին նշանակվել է ՀՀ տարածքային կառավարման և զարգացման նախարարի տեղակալի պաշտոնում:
Այլ տվյալներ
Զինապարտ է, պահեստազորի սպա, լեյտենանտ:
Կուսակցական պատկանելություն
Անկուսակցական
Անձնական տվյալներ
Ամուսնացած չէ:










