1996-ին ԱՄՆ-ում ցմահ ազատազրկման դատապարտված Կարեն Օգանեսյանին Երևանի դատարանը ազատ է արձակել պատժի հետագա կրումից. պաշտպան

18:09 • 16.10.18

 

Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանը, դատավոր Արթուր Մկրտչյանի որոշմամբ, ցմահ ազատազրկման դատապարտված Կարեն Օգանեսյանին պայմանական վաղաժամ ազատ արձակեց պատժի հետագա կրումից:

Այս մասին Tert.am-ի հետ զրույցում ասաց Կարեն Օգանեսյանի պաշտպան Միհրան Պողոսյանը:

«Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի քիչ առաջ կայացված որոշմամբ ցմահ դատապարտյալ Կարեն Օգանեսյանը պայմանական ազատ արձակվեց պատժի հետագա կրումից»,- ասաց պաշտպանը:

Հիշեցնենք, որ Կարեն Օգանեսյանը ցմահ ազատազրկման է դատապարտվել ԱՄՆ-ում՝ 22 տարեկանում, հանդիսացել է Հայաստանի քաղաքացի: Նա մեղավոր է ճանաչվել երկու անձի սպանության մեջ: 1996-ից մինչև 2009-ի հոկտեմբեր նա պատիժը կրել է ԱՄՆ-ում, իսկ 2009 թվականին տեղափոխվել Հայաստան: Այստեղ նրա արարքը համապատասխանեցվել է Քրեական օրենսգրքի 104-րդ հոդվածի 2-րդ մասին, սակայն պատիժը թողնվել էր նույնը՝ ցմահ ազատազրկում: