Հունան Պողոսյանի նշանակման դեմ բողոքող սյունեցիները բացել են միջպետական ճանապարհը. Ոստիկանություն

17:21 • 16.10.18

Սյունիքի մարզպետի պաշտոնում Հունան Պողոսյանի նշանակման դեմ բողոքող քաղաքացիները բացել են մարզի միջպետական ճանապարհը: Այս մասին Tert.am-ին հայտնեցին Ոստիկանության լրատվության և ԶԼՄ-ների հետ կապի բաժնից:

«Ոստիկանության աշխատակիցների բացատրական աշխատանքներից հետո ճանապարհը բացվել է, և երթևեկությունը վերականգնվել է»,- ասացին ոստիկանությունից:

Հիշեցնենք, որ քաղաքացիները Սյունիքում միջպետական ճանապարհ էին փակել՝ իրենց դժգոհությունն արտահայտելով Սյունիքի մարզպետի պաշտոնում Հունան Պողոսյանին նշանակելու կապակցությամբ:

Կառավարության այսօրվա նիստում Հունան Պողոսյանը նշանակվել էր Սյունիքի մարզպետ։ ՀՀ նախկին ոստիկանապետ, ոստիկանության գեներալ-լեյտենանտ Հունան Պողոսյանը հրաժարական էր ներկայացրել մայիսի 11-ին։ Մայիսի 12-ին նախագահ Արմեն Սարգսյանի հրամանագրերով՝ Հունան Պողոսյանն ազատվել է ոստիկանության պետի առաջին տեղակալի պաշտոնից և Հայաստանի Հանրապետության ոստիկանությունում ծառայությունից: