Բացի «Երևան» հիմնադրամի գործից՝ Տարոն Մարգարյանի նկատմամբ հարուցված է նաև իր ունեցվածքի հետ կապված քրգործ․ ԱԱԾ տնօրեն
Երևանի նախկին քաղաքապետ Տարոն Մարգարյանի նկատմամբ կա հարուցված ևս մեկ քրեական գործ՝ հրապարակված հայտնի տեսանյութի հիման վրա։ Այսօր Կառավարությունում լրագրողների հետ ճեպազրույցում հայտնեց ԱԱԾ տնօրեն Արթուր Վանեցյանը։ Ըստ նրա՝ գործը վերաբերում է ունեցվածքին։ ԱԱԾ տնօրենը վստահեցրեց, որ Երևանի նախկին քաղաքապետը պատասխանատվություն կկրի, եթե պարզվի, որ այդ ունեցվածքը ձեռք է բերվել ապօրինի ճանապարհով։
«Տարոն Մարգարյանի նկատմամբ կա հարուցված ևս մեկ քրեական գործ՝ հրապարակված հայտնի տեսանյութի հիմքով, որը վերաբերում էր իր ունեցվածքին։ Այդ ունեցվածքի մասով քննությունը շարունակվում է։ Եթե պարզվի, որ այդ ունեցվածքը ձեռք է բերվել ապօրինի ճանապարհով, հավատացեք՝ նա պատասխանատվություն կկրի, իսկ ինչ վերաբերում է «Երևան» հիմնադրամին առնչվող քրեական գործին, ապա գումարները վճարելուց հետո Տարոն Մարգարյանը կազատվի պատասխանատվությունից»,–ասաց Արթուր Վանեցյանը։
ԱԱԾ տնօրենը տեղեկացրեց, որ Մարգարյանը հարցաքննվել է «Երևան» հիմնադրամի գործով․ «Հարցաքննվեց, մարդն ընդունեց, որ «Երևան» հիմնադրամում եղել են որոշակի բացթողումներ, չարաշահումներ, ինչի արդյունքում հիմնադրամի տնօրենն ընդունել է այդ փաստերը և պարտավորություն է ստանձնել վերականգնել 1 մլրդ 810 մլն դրամ գումարը, այդ գումարից 1 մլրդ դրամն արդեն իսկ վերականգնվել է պետական բյուջե, իսկ 810 մլն դրամն էլ կվճարվի առաջիկայում»։
Արթուր Վանեցյանը հայտարարեց, որ իրենք հակված չեն մարդկանց «տանել, նստեցնել, լցնել բերդերը»։
«Եթե մարդը ֆինանսական չարաշահում է թույլ տվել և պատրաստ է գումարը վերականգնել, կարծում եմ՝ ավելի արդյունավետ է, որ այս գումարները վերականգնվեն պետբյուջե»,-եզրափակեց Արթուր Վանեցյանը։










