Մենք չենք ուզում, որ այս անորոշ կարգավիճակից մոտ 630 ընտանիք մնա առանց օրվա հացի. «Էյ Սի Փի» ՓԲԸ-ի կոլեկտիվի բաց նամակը՝ վարչապետին
SOS Ալավերդի նախաձեռնության անդամ Օլեգ Դուլգարյանը ֆեյսբուքյան իր էջում հրապարակել է վարչապետ Նիկոլ Փաշինյանին ուղղված «Էյ Սի Փի» ՓԲ ընկերության կոլեկտիվի բաց նամակը։
«Ալավերդու պղնձաձուլական գործարանի աշխատակիցները հանդես են եկել բաց նամակով՝ ուղված ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին:
Կարծում եմ՝ կառավարությունը պետք է հանդես գա համապատասխան հայտարարությամբ և պատասխանով, որ ներկայացնի ալավերդցիներին ստեղծված իրական վիճակը, քանի որ աշխատակիցներն անորոշության մեջ են և կոնկրետ բան չգիտեն, թե ինչ է կատարվում գործարանի շուրջ, որը նաև որոշ շրջանակների թույլ է տալիս օգտվել դրանից»,-գրել է Օլեգ Դուլգարյանը՝ կից ներկայացնելով նաև բաց նամակը:
Բաց նամակում, մասնավորապես, գրված է.
«Այսօր կամ վաղը մեր գործարանը կանգնած է փակման եզրին, որը միակ աշխատատեղն է մեր քաղաքում ու հարակից բնակավայրերում։ Մենք չենք ուզում, որ այս անորոշ կարգավիճակից մոտ 630 ընտանիք մնա առանց օրվա հացի։
Հարգելի պարոն Փաշինյան, մեր կոլեկտիվի և Ալավերդի քաղաքի հույսը մեր նորընտիր կառավարությունն է։ «Էյ Սի Փի» ՓԲ ընկերության կոլեկտիվն այսօր գտնվում է անորոշության մեջ, չգիտենք մեր հետագա ճակատագիրը։ Ընկերության աշխատանքով ապահովվում է Ալավերդի քաղաքի բնականոն կյանքը։ Գործարանի փակվելը նշանակում է Ալավերդու և հարակից շրջանների բնակչության արտագաղթ։
Ընկերության աշխատակիցների մեծ մասը գտնվում է վարկային պարտավորությունների տակ։
Այսօր արդեն տնօրինության կողմից հրահանգավորվել է դադարեցնել արտացոլիչ վառարանի աշխատանքը։ Տեխնոլոգիական առումով վառարանի սառեցումը կառաջացնի վառարանի և ծխատարի ամբողջական համակարգի վթարային իրավիճակ։
Պարոն վարչապետ, «Էյ Սի Փի» ՓԲ ընկերության կոլեկտիվը խնդրում է միջոցներ ձեռնարկել լուծելու վերոշարադրյալ խնդիրը։ Այլապես Ալավերդի քաղաքի բնակչությունը ստիպված կլինի անցնել կտրուկ ու անկանխատեսելի գործողությունների, որոնք կարող են դիտվել միտումնավոր քայլեր՝ ուղղված մեր կառավարության դեմ», - գրված է վարչապետին ուղղված նամակում»։










