Չինաստանի ածխահանքերից մեկում պայթյուն է որոտացել. կա 5 զոհ
Չինաստանի Չունցին քաղաքի ածխահանքում գազային խառնուրդի պայթյունի հետևանքով հինգ մարդ է զոհվել, հաղորդում է korrespondent.net-ը՝ «Սինհուա» տեղեկատվական գործակալությանը հղումով: Միջադեպը տեղի է ունեցել քաղաքի Ցիցզյան շրջանում՝ Chongqing Energy ընկերությանը պատկանող ածխահանքում:
Հաղորդվում է, որ ածխահանքը, որտեղ էլ տեղի է ունեցել պայթյունը, այս պահին փակ է: Պայթյունը տեղի է ունեցել այն պահին, երբ աշխատակիցները փակում էին հանքի մուտքը:
Հայտնի է, որ միջադեպի հետևանքով զոհվել է հինգ մարդ, ևս երեքը ստացել են տարբեր վնասվածքներ: Ոստիկանությունը փորձում է պարզել պայթյունի պատճառն ու դեպքի բոլոր հանգամանքները:










