Նեթանյահուն Պուտինի հետ իր շփումը համարել է Իսրայել պետության անվտանգության երաշխիքներից մեկը

17:24 • 16.10.18

Իսրայելի վարչապետ Բինյամին Նեթանյահուն հայտարարել է, որ մշտական կապի մեջ է Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ և այդ կապը համարում է ոչ միայն տարածաշրջանի, այլև Իսրայել պետության անվտանգության երաշխիքներից մեկը, գրում է «ՌԻԱ Նովոստի» գործակալությունը:

«Ես մշտական կապ եմ պահպանում ՌԴ նախագահ Պուտինի հետ, շատ եմ գնահատում մեր ընկերական հարաբերություններն ու փոխադարձ հարգանքը», - ասել է Նեթանյահուն:

Պուտինի հետ վերջին հեռախոսազանգից հետո Իսրայելի վարչապետը հայտնել է ՌԴ առաջնորդի հետ անձամբ հանդիպելու պատրաստակամության մասին: Կրեմլում չեն բացառել նման հնարավորությունը, սակայն հանդիպման հստակ ամսաթիվ դեռ չի նշանակվել:

Հայտնի է, որ Սիրիայի տարածքում ռուսական Իլ-20 ռազմական ինքնաթիռի կործանումից հետո Նեթանյահուն և Պուտինը հասցրել են հեռախոսազրույց ունենալ երեք անգամ:

Հիշեցնենք, որ ՌԴ պաշտպանության նախարարությունն Իլ-20 հետախուզական ինքնաթիռի կործանման համար մեղավոր էր համարել Իսրայելի զինված օդուժին: Նման հայտարարությամբ էր հանդես եկել ՌԴ ՊՆ պաշտոնական ներկայացուցիչ Իգոր Կոնաշենկովը:

ՌԴ ՊՆ-ում կարծում են, որ F-16 կործանիչների իսրայելցի օդաչուները միտումնավոր են սիրիական զենիթային հրթիռներից թաքնվել ռուսական Իլ-20-ի հետևում: