ՀԱՊԿ Խորհրդարանական վեհաժողովի նիստը Երևանից կտեղափոխվի Մոսկվա. Լեոնիդ Կալաշնիկով

09:48 • 16.10.18

Որոշվել է Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության (ՀԱՊԿ) Խորհրդարանական վեհաժողովի նիստը Երևանից տեղափոխել Մոսկվա: Այդ մասին, ինչպես հայտնում է ՏԱՍՍ գործակալությունը, լրագրողներին ասել է Պետդումայի ԱՊՀ, եվրասիական ինտեգրման և հայրենակիցների հետ կապերի հարցերով հանձնաժողովի նախագահ Լեոնիդ Կալաշնիկովը:


«Այն կանցկացնենք հոկտեմբերի 29-30-ը Մոսկվայում, այլ ոչ Հայաստանում»,- ասել է Կալաշնիկովը:


Նրա խոսքով՝ այս որոշումը կապված է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հնարավոր հրաժարականի հետ:


«Ամենայն հավանականությամբ, Հայաստանի խորհրդարանն այդ ժամանակ կլուծարվի: Եթե իրավիճակը դասավորվի այնպես, ինչպես մենք ենք այն տեսնում, ապա ո՞ւմ հետ անցկացնենք Խորհրդարանական վեհաժողովը: Ժամանակավոր պաշտոնակատարների՞: Դա անտրամաբանական է ու սխալ»,- ասել է պաշտոնյան:


Այդ իսկ պատճառով, ըստ նրա, ՀԱՊԿ ԽՎ-ն կանցկացվի Մոսկվայում:


«Իսկ երբ Հայաստանում ամեն ինչ հունի մեջ ընկնի, մենք կաշխատենք և՛ գործող պատգամավորների, և՛ գործող վարչապետի հետ», - հավելել է նա: