Մայք Պոմպեոն կժամանի Թուրքիա՝ կորած սաուդացի լրագրողի գործի մանրամասներին ծանոթանալու

10:14 • 16.10.18

ԱՄՆ պետքարտուղար Մայք Պոմպեոն հոկտեմբերի 17-ին կայցելի Թուրքիա, գրում է թուրքական «Անադոլու» գործակալությունը: Նշվում է, որ մինչ այդ Պոմպեոն կայցելի Սաուդյան Արաբիա, որից հետո միանգամից կուղևորվի Թուրքիա:

Սպասվում է, որ մեկօրյա այցի ընթացքում ԱՄՆ պետքարտուղարը կքննարկի Ստամբուլում Սաուդյան Արաբիայի հյուպատոսություն մուտք գործելուց հետո անհայտ կորած սաուդացի հայտնի ընդդիմադիր լրագրող, The Washington Post-ի թղթակից Ջամալ Խաաշկղիջիի գործի հետ կապված մի շարք մանրամասներ:

Պոմպեոյին կընդունի Թուրքիայի արտգործնախարար Մևլութ Չավուշօղլուն:

Հիշեցնենք, որ այս գիշեր թուրք քննիչների խումբն ավարտել է Սաուդյան Արաբիայի ստամբուլյան հյուպատոսության ներսում Խաաշկղիջիի գործի հետ կապված խուզարկողական աշխատանքները:

Թուրքական ոստիկանության վարկածի համաձայն՝ սաուդացի լրագրողը սպանվել է հյուպատոսության շենքի ներսում:

Սաուդյան Արաբիայի հյուպատոսությունը հերքում է սպանության վարկածն ու շարունակում պնդել, որ լրագրողը դուրս է եկել շենքից ու կորել դրանից հետո միայն:

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփն ավելի վաղ խոստացել է, որ «խիստ պատիժ կկիրառի այն դեպքում, եթե պարզվի, որ լրագրողի անհետացման հետևում կանգնած է հենց Սաուդյան Արաբիան: