Հայկական եկեղեցին ընդգրկվել է Դոնի Ռոստովի տեսարժան վայրերի ցանկում
Ռուսաստանյան տուր-օպերատորների՝ Ռոստովի մարզ կատարած այցելության շրջանակներում հյուրերին ցույց են տվել հիմնական զբոսաշրջային կառույցները, որոնք օպերատորները նախատեսում են ներառել Դոնի Ռոստովի տեսարժան վայրերի ցանկում:
Ինչպես հաղորդում է Rusarminfo-ն, հիմնական զբոսաշրջային տեսարժան վայրերի շարքում ընդգրկվել է նաև Սուրբ Համբարձում հայկական եկեղեցին, որը տեղակայված է Չալտիր գյուղում:
«Շուրջ քառորդ հազարամյակ առաջ Ղրիմից Դոն են տեղափոխվել ներկայիս տեղաբնակ հայերի նախնիները: Նրանք այստեղ պահպանել են իրենց մշակույթը և կենցաղը: Խորհուրդ է տրվում այցելել պատմա-ազգագրական թանգարան, Սուրբ Համբարձում եկեղեցին, համտեսել չալտիրյան հայտնի խորովածը և հայկական խոհանոցի ճաշատեսակները բազմաթիվ ընտանեկան ռեստորններից կամ սրճարաններից մեկում»,- ասվում է Ռուսաստանի Տուր-օպերատորների ասոցիացիայի մամլո հաղորդագրության մեջ:
Նշվում է նաև, որ հայկական եկեղեցու մոտակայքում կարելի է էկոզբոսաշրջություն իրականացնել՝ հավաքել և համտեսել տեղանքում աճող ազնվամորին:










