ԵՄ դատախազությունում աշխատանքի առաջարկի վերաբերյալ դիրքորոշումս կհայտնեմ դեկտեմբերին. Գևորգ Կոստանյան (տեսանյութ)
ԱԺ «Հայաստանի Հանրապետական կուսակցություն» խմբակցության պատգամավոր, Պետաիրավական և մարդու իրավունքների մշտական հանձնաժողովի նախագահ Գևորգ Կոստանյանը միջազգային տարբեր կառույցներում տարբեր երկրների կողմից աշխատանքի անցնելու առաջարկ բազմիցս է ստացել: Առաջարկ ստացել է նաև ԵՄ դատախազությունից, որ այս փուլում ուժի մեջ է:
Այս մասին Ազգային ժողովում լրագրողների հետ ճեպազրույցում ասաց նա՝ պատասխանելով Tert.am-ի այն հարցին, թե արդյոք արտերկրից աշխատանքի առաջարկ ստացե՞լ է, և այն կապ ունի՞ Նիկոլ Փաշինյանի վերաբերյալ իր դիրքորոշման փոփոխության հետ:
«Մի քանի անգամ տարբեր տարիների ընթացքում առաջարկություն եմ ստացել տարբեր երկրներում, տարբեր միջազգային կազմակերպություններում աշխատելու համար: Հիմա այս փուլում ևս այդ առաջարկությունն ուժի մեջ է: Եվ ես մինչև դեկտեմբերի 15-20-ը պետք է իմ վերջնական դիրքորոշումը հայտնեմ»,- ասաց պատգամավորը:
Գևորգ Կոստանյանի խոսքով՝ ԵՄ դատախազությունը սկսելու է գործել 2020 թվականից, բայց 2019 թվականի սկզբներից սկսվում է դրա կազմավորումը:
«Որպեսզի դրան մասնակից լինես, դու պետք է առնվազն Եվրոպայի խորհրդում գլխավոր դատախազների միջազգային ասոցիացիայում այդ գործընթացների մեջ ներգրավված լինես: Եվ այս առաջարկությունն իմ կողմից ընդունվել է, և ես արդեն իմ որոշումը մինչև դեկտեմբերի 15-20-ը կհայտնեմ»,- ասաց նա:
Պետաիրավական հարցերի հանձնաժողովի նախագահը շեշտեց, որ ներքաղաքական դաշտում իր նախկին դիրքորոշումը չէր կարող խոչընդոտել այդ աշխատանքին անցնելուն։










