Ահաբեկչություն Ղրիմի ուսումնարաններից մեկում. պայթյունի համար կասկածվող անձն ինքնասպան է եղել, հաղորդվում է 18 զոհի մասին (լուսանկարներ, տեսանյութեր, թարմացված)
17.00 Ղրիմի Կերչ քաղաքի քոլեջում պայթյուն իրագործած անձն ինքնասպան է եղել, նա 22 տարեկան էր, սովորում էր նույն քոլեջի 4-րդ կուրսում: Այդ մասին, ինչպես հայտնում է ՌԻԱ Նովոստի գործակալությունը, հայտարարել է Ղրիմի ղեկավար Սերգեյ Աքսյոնովը:
«Պոտենցիալ մարդասպանն ինքնասպան է եղել: Նա նույն կրթական հաստատության 4-րդ կուրսի ուսանող էր: Նրա մարմինը հայտնաբերվել է 2-րդ հարկի գրադարանում»,- ասել է Աքսյոնովը հեռուստաեթերում:
Նա նշել է, որ ուսանողի քայլի դրդապատճառները պարզվում են:
Հաղորդվում է 18 զոհի մասին, կա մոտ 50 վիրավոր: Նրանք քոլեջի սաներ ու դասավանդողներ են
16.07 Ղրիմի Կերչ քաղաքի քոլեջում տեղի ունեցած պայթյունի զոհերի թիվը հասել է 13-ի, այդ մասին հայտնել են ՌԴ Քննչական կոմիտեից, գրում է ria.ru-ն:
Հաղորդվում է, որ զոհերը քոլեջի սաներն ու դասավանդողներն են:
Ղրիմի ղեկավար Սերգեյ Աքսյոնովը հայտարարել է, որ ահաբեկչության հետ կապված՝ Կերչում եռօրյա սուգ կհայտարարվի:
15.33 ՌԴ Քննչական կոմիտեն Ղրիմի Կերչ քաղաքի քոլեջում տեղի ունեցած պայթյունն ահաբեկչություն է որակել:
15.31 ՌԴ նախագահի մամուլի խոսնակ Դմիտրի Պեսկովն ասել է, որ որպես Ղրիմի Կերչ քաղաքի պոլիտեխնիկական քոլեջում (որոշ աղբյուրների համաձայն՝ մետալուրգիական ուսումնարան) տեղի ունեցած պայթյունի պատճառ է դիտարկվում ահաբեկչությասն վարկածը, գրում է ria.ru-ն:
Ռոսգվարդիայից էլ հայտնել են, որ քոլեջում պայթյունն ահաբեկչություն է եղել: Մասնավորապես՝ Ռոսգվարդիայի ղեկավարի առաջին տեղակալ Սերգեյ Մելիքովն ասել է, որ պայթյունը տեղի է ունեցել պայթուցիկ սարքի գործադրման պատճառով:
15.10 Ղրիմի Կերչ քաղաքի մետալուրգիական ուսումնարանում անհայտ պայթուցիկ սարք է գործի դրվել: Ինչպես հայտնում է kerch.fm-ը, այդ մասին հայտնել են Ազգային հակաահաբեկչական կոմիտեից:
Պայթյունի հետևանքով զոհվել է 10, վիրավորվել՝ մոտ 50 մարդ: Տուժածներից 20-ը հոսպիտալացվել է:
Կրթական հաստատությունը տեղակայված է Վոյկովի փողոցում: Դեպքի վայրում աշխատում են շտապ բուժօգնության բրիգադներ, արտակարգ իրավիճակների ծառայության ու Անվտանգության դաշնային ծառայության աշխատակիցները:
Քննչական կոմիտեն քրեական գործ է հարուցել:
Կրեմլից հայտնել են, որ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինին հայտնել են կատարվածի մասին: Կերչ է մեկնել Ղրիմի ղեկավար Սերգեյ Աքսյոնովը:
Այլ մանրամասներ դեռ չեն հաղորդվում:















