Մոսկվայի դատարանն օրինական է ճանաչել իրենց հոր սպանության մեջ մեղադրվող Խաչատրյան քույրերից միջնեկին մեկուսարանից ազատ արձակելու որոշումը
Մոսկվայի քաղաքային դատարանն այսօր կայացած նիստում օրինական է ճանաչել իրենց հոր սպանության մեջ մեղադրվող Խաչատրյան քույրերից միջնեկին քննչական մեկուսարանից ազատ արձակելու մասին որոշումը:
Ինչպես տեղեկացնում է Газета.Ru-ն, դատարանն անփոփոխ է թողել Բասմանյան դատարանի որոշումը:
Դատավոր Յուլյա Սաֆինան նաև որոշում է կայացրել մասնակիորեն մեղմել որոշակի գործողությունների արգելքը միջնեկ քրոջ համար. նա այժմ կարող է քննիչի թույլտվությամբ շփվել անձանց հետո, որոնք առնչություն ունեն քրեական գործի հետ:
Հոկտեմբերի 17-ին Մոսկվայի քաղաքային դատարանը դիտարկում է 57-ամյա հոր սպանության մեջ մեղադրվող աղջիկների հորաքրոջ բողոքը: Վերջինս պահանջում է չեղարկել Բասմանյան դատարանի որոշումն իր զարմուհիների համար խափանման միջոցը մեղմելու մասին:
Հիշեցնենք, որ 57-ամյա տղամարդու սպանությունը տեղի է ունեցել հուլիսի 27-ին Մոսկվայում: Ըստ նախնական վարկածի՝ քույրերը, այլևս չդիմանալով հոր՝ իրենց նկատմամբ դաժան ու կոպիտ վերաբերմունքին, դանակով բազմաթիվ հարվածներ են հասցրել նրան:










