Ռուսաստանում հոգեբուժարանի աշխատակիցների ծաղրին արժանացած տարեց հիվանդը մահացել է դուրս գրվելուց կարճ ժամանակ անց (տեսանյութ)
Տարեց հիվանդը, ում, ըստ համացանցում տարածված տեսանյութի, ծաղրել և հարվածել էին Ռուսաստանի Մագնիտոգորսկ քաղաքի թիվ 5 հոգեբուժարանի աշխատակիցները, մահացել է հիվանդանոցից դուրս գրվելուց կարճ ժամանակ անց, այս մասին գրում է «РИА Новости» գործակալությունը:
Կադրերում երևում է, թե ինչպես է բուժաշխատողը հողաթափ նետում ծերունու վրա ու հրում նրան: Այս ամենն ուղեկցվում է նրա գործընկերոջ ծիծաղով:
ՌԴ Չելյաբինսկի մարզի առողջապահության նախարարության խոսնակը միջադեպն անվանել է հիվանդի իրավունքների կոպտագույն խախտում և հայտնել տվյալ բուժհաստատությունում սպասվող առավելագույն խիստ ստուգումների անցկացման մասին:
Ըստ խոսնակ Մարիա Խվորոստովայի՝ դատախազության կարգադրությամբ այն արդեն սկսված է:
Նշվում է, որ տարեց հիվանդը դուրս է գրվել հիվանդանոցից հուլիսին, իսկ մահացել է սեպտեմբերին:
Մահացածի թոռնուհին՝ Լյուբով Մոիսեևան, սոցցանցերից մեկի իր էջում հաստատել է, որ տեսանյութում երևացող տարեց մարդն իր պապիկն է՝ նշելով, որ նա վերջերս մահացել է: Թոռնուհին հավելել է, որ պապիկն ուներ քրոնիկ հիվանդություններ:










