Փարիզում տեղի է ունեցել «Թումո» ստեղծարար տեխնոլոգիաների կենտրոնի պաշտոնական բացումը (տեսանյութ)

01:55 • 17.10.18

Հոկտեմբերի 16-ին Փարիզում տեղի ունեցավ «Թումո Փարիզ» ստեղծարար տեխնոլոգիաների կենտրոնի պաշտոնական բացումը, որին ներկա են գտնվել նաև Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանն ու ՀՀ կրթության և գիտության նախարար Արայիկ Հարությունյանը։

Իր ողջույնի խոսքում ՀՀ կրթության և գիտության նախարար Արայիկ Հարությունյանը կարևորեց Ֆրանսիայի սրտում՝ Փորիզում «Թումո» կենտրոնի բացումը՝ նշելով, որ «Թումո»-ի «արտահանումը» Հայաստանից լավագույն ցուցանիշներից ու լավագույն արդյունքներից մեկն է կրթական համակարգում: «Ծեծված մի նախադասություն կա հայերի մոտ, որ մենք չունենք բնական պաշարներ և մեր հիմնական պաշարը մարդկային ուղեղներն են: Երկար ժամանակ մենք ճանապարհներ էինք փնտրում այդ պաշարն արտահանելու համար և «Թումո»-ն կրթական ոլորտում ապահովեց այդ ճեղքումը», - նշեց նախարարը՝ հավելելով, որ շուտով «Թումո» կենտրոններ կբացվեն նաև եվրոպական այլ մայրաքաղաքներում:

Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանն իր հերթին ընդգծեց, որ նախորդ շաբաթվա ընթացքում Երևանում Ֆրանկոֆոնիայի տոնն էր և քաղաքը խոսում, լսում և ապրում էր ֆրանսերենով: «Իսկ այսօր ես ուրախ եմ, որ Երևանը, հայկականն է ներկա Փարիզում: Ներկա է «Թումո»-ի շնորհիվ և միջոցով»,- նշեց քաղաքապետը՝ հավելելով, որ «Թումո Փարիզ»-ը Երևանի, հայկական ստեղծագործ մտքի ու ապրանքանիշի ներկայացումն է Փարիզում:

«Թումո» ստեղծարար տեխնոլոգիաների կենտրոնն արտադպրոցական ուսումնական միջավայր է, որտեղ 12-18 տարեկան պատանիներն ուսանում են սեփական հանձնառությամբ:

Առաջին Թումո կենտրոնը («Թումո Երևանը») ստեղծվել է Սեմ և Սիլվա Սիմոնյանների նախաձեռնությամբ՝ Սիմոնյան կրթական հիմնադրամի կողմից և իր դռներն է բացել աշակերտների համար 2011թ. օգոստոսի 14-ին: