Արագածոտնում դիմակավորված 2 անձինք փորձել են թալանել քաղաքացու տունը. shamshyan.com

11:03 • 18.10.18

Հայաստանի քննչական կոմիտեի Արագածոտնի մարզային քննչական վարչությունում հարուցվել է քրեական գործ՝ հոկտեմբերի 16-ին Արագածոտնի մարզում տեղի ունեցած միջադեպի փաստով:

Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, այդ օրը ժամը 04:00-ի սահմաններում բժշկական դիմակներով դիմակավորված 2 անձինք Արագածոտն գյուղի 3-րդ փողոցի 17-րդ տուն են մտել՝ օգտվելով դռան բաց լինելու հանգամանքից, և բռնություն են կիրառել տանտիրուհու՝ 46-ամյա Ռուզան Ռասոյանի և նրա մոր՝ 70-ամյա Խազալ Ռասոյանի նկատմամբ:

Դիմակավորված անձինք կանանցից պահանջել են գումար, ոսկեղեն. տեղի է ունեցել քաշքշուկ, որի ընթացքում հարձակում գործած անձանցից մեկի բժշկական դիմակը ընկել է գետնին, որից հետո նրանք դիմել են փախուստի:

Գ. Շամշյանի տեղեկություններով՝ կատարված հանցագործության մասին օպերատիվ տեղեկությունները ստացել է ոստիկանության Աշտարակի բաժնի համայնքային ոստիկանության բաժանմունքի տեսուչը։

Ոստիկանությունն ու քննչական բաժինը ձեռնարկում են անհրաժեշտ օպերատիվ-հետախուզական և քննչական համատեղ գործողություններ՝ դիմակավորված անձանց ինքնությունը պարզելու և նրանց հայտնաբերելու ուղղությամբ: