Գործազուրկների թվի նվազումը պայմանավորված է աշխատուժի նվազման տենդենցով և միգրացիայի տեմպերով. զբաղվածության պետական գործակալության պաշտոնյա

18:51 • 18.10.18

Գործազուրկների թիվը սեպտեմբերի մեկի դրությամբ կազմել է 66 401 մարդ:

Այս մասին Tert.am-ի հետ զրույցում ասաց Զբաղվածության պետական գործակալության աշխատաշուկայի վերլուծության, կանխատեսման և գնահատման բաժնի պետ Հասմիկ Թադևոսյանը:

«Աշխատանք փնտրողների թվաքանակը նախորդ տարվա նույն ժամանակահատվածի նկատմամբ նվազել է 7.8 %-ով, իսկ գործազուրկների թվաքանակը՝ 10.9 %-ով»,- ասաց նա:

Ինչ վերաբերում է աշխատանք փնտրողների և գործազուրկների թվաքանակների փոփոխությանը մայիս ամսվա համեմատ, ապա նա նշեց, որ դրանք գրեթե փոփոխության չեն ենթարկվել.

«Այս պահի դրությամբ Զբաղվածության պետական գործակալությունում հաշվառված է 82 հազար աշխատանք փնտրող: Պարզապես մայիս ամսվա համեմատ աշխատանքի տեղավորման, խորհրդատվության և թափուր աշխատանքների հավաքագրման առումով կրկնակի աճ է արձանագրվել»:

Նա նշեց, որ եթե հունվար-ապրիլ ամիսներին հավաքագրվել էր 3397 թափուր աշխատատեղ,  ապա հունվար-սեպտեմբեր ամիսներին 7820 է եղել այդ թվաքանակը, նմանապես նաև խորհրդատվություն ստացողների քանակն է աճել: Հունվար-ապրիլ ամիսներին խորհրդատվություն է ստացել է 51 554 աշխատանք փնտրող, իսկ հունվար-սեպտեմբեր ամիսներին գրեթե 105 հազար։

«Աշխատանքի տեղավորվածների թիվը հունվար-մայիս ամիսներին կազմել է 4285 մարդ, իսկ հունվար-սեպտեմբերին՝ 8785: 2017 թվականի նույն ժամանակահատվածի համեմատ 31 տոկոս աշխատանքի տեղավորման աճ է արձանագրվել, 22 տոկոսով ավելացել է խորհրդատվություն ստացողների թվաքանակը»,- ասաց նա և նշեց, որ 12 տոկոսով ավելացել է հավաքագրված թափուր չկրկնվող աշխատատեղերի թվաքանակը:

«Վերջին տարիներին նկատվում է գործազուրկների և փնտրողների թվաքանակի նվազում, դա հիմնականում կապված է բնակչության, աշխատուժի նվազման տենդենցի հետ՝ կապված միգրացիոն գործընթացների հետ»,- ասաց նա:

Ինչ վերաբերում է հարցին, թե հեղափոխությունից հետո արդյոք ծրագրերի առումով փոփոխություններ իրականացվել են, Հասմիկ Թադևոսյանն ասաց, որ 2018 թվականի զբաղվածության պետական ծրագրերը հաստատվել են 2017 թվականին:

«Հեղափոխական իրավիճակը մեր ծրագրերի իրականացման վրա ազդեցություն չէր կարող գործել, քանի որ այդ ծրագրերն արդեն հաստատված էին: Հեղափոխությունից հետո միակ  տարբերությունն այն է, որ մենք ահռելի քանակությամբ  դիմումներ ենք ստանում աշխատանք փնտրողներից՝ աշխատանքի տեղավորման, մասնագիտական կողմնորոշման, աշխատաշուկայի վերաբերյալ տեղեկատվության ստացման, աշխատատեղերի վերաբերյալ, որոնք առավել մանրամասն քննարկվում է տարածքային կենտրոնների հետ՝ մարդկանց հնարավոր աջակցություն ցուցաբերելու ուղղությամբ»,- ասաց նա:

Հարցին, թե արդյոք ունեն տվյալներ, թե գործազուրկների թիվն օպտիմալացման արդյունքում ավելանա, նա ասաց, որ նման տեղեկություններ չունեն: «Դուք ունե՞ք տվյալներ, որ կառավարման համակարգում օպտիմալացում է եղել, մենք նման տեղեկատվություն չունենք: Տարեսկզբից մի քանի ձեռնարկություններից ենք ստացել տվյալներ, որ իրենք պատրաստվում են կրճատումներ իրականացնել և երկու ամիս առաջ նախապես զգուշացրել են աշխատակիցներին, բայց դեռևս կայացած կրճատումների մասին զբաղվածության պետական գործակալությունը տեղեկատվություն չի ստացել»,- ասաց նա: