ՄԻԵԴ-ը ՀՀ կառավարությանը պարտավորեցրել է «Մարտի 1»-ի գործով տուժողին 4500 եվրո փոխհատուցում վճարել
Մարդու իրավունքների եվրոպական դատարանը նոր վճիռ է կայացրել Հայաստանի Հանրապետության դեմ՝ կառավարությանը պարտավորեցնելով «Այվազյանն ընդդեմ Հայաստանի գործով» դիմումատուին 4500 եվրո բարոյական փոխհատուցում վճարել:
Համաձայն դատարանի կայքում հրապարակված վճռի՝ դիմումատուն Ջրվեժի 62-ամյա բնակիչ Մասիս Այվազյանն է, որն ակտիվ մասնակցություն է ունեցել 2008թ. փետրվարի վերջին և մարտի սկզբին Երևանի Ազատության հրապարակում տեղի ունեցած հետընտրական ցույցերին: Մարտին 1-ին նրան ձերբակալել են, այնուհետև մեղադրանք են առաջադրել ՀՀ Քրեական օրենսգրքի 316 հոդվածի հատկանիշներով (իշխանության ներկայացուցչի նկատմամբ բռնություն գործադրելը):
Մարտի 4-ին Երևանի Կենտրոն Նորք-Մարաշ վարչական շրջանների դատարանի վճռով նա երկու ամսով (մինչև մայիսի 1-ը) կալանավորվել է: Ընտրված խափանման միջոցը հիմնավորվել է արդարադատությունից չխուսափելու և քննությանը չխոչընդոտելու անհրաժեշտությամբ: Նշվում է նաև, որ Այվազյանը ոստիկանության նախկին բարձրաստիճան ծառայող է: 2008թ. մարտի 21-ին նա բողոքարկել է վճիռը՝ պնդելով, որ ձերբակալումն անհիմն է եղել, սակայն Վերաքննիչ քրեական դատարանը չի բավարարել հայցը: Հունիսի 1-ին դատարանն Այվազյանին դատապարտել է մեկ և կես տարի ազատազրկման՝ հիմնավորելով ոստիկանության աշխատակիցների վրա հարձակում գործելու մեղադրանքը:
ՄԻԵԴ-ը, քննության առնելով գործը, համաձայն «Մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների պաշտպանության մասին եվրոպական կոնվենցիայի» 34-րդ հոդվածի (անհատական դիմում), գտել է, որ խախտվել է դիմումատուի անձնական ազատության և անվտանգության իրավունքը (Հոդված 5): Դատարանն այսպիսով հիմնավորված է համարել դիմումատուի պնդումը, որ նախքան դատավճռի կայացումը նրան կալանավորելը եղել է չհիմնավորված:
Կրած բարոյական վնասի համար սահմանված տուգանքը նախատեսվում է տուժողին վճարել 3 ամսվա ընթացքում:










