ԻՊ-ը հարյուրավոր մարդկանց է պատանդ վերցրել Դեր Զորում, այդ թվում՝ եվրոպական երկրների քաղաքացիների. լրատվամիջոցներ
«Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման զինյալները Սիրիայի Դեր Զոր նահանգում պատանդ են պահում շուրջ 700 մարդու, նրանց թվում են արևմտաեվրոպական ու մի շարք այլ երկրների քաղաքացիներ, գրում է «Զվեզդա»-ն՝ ռազմադիվանագիտական աղբյուրի հղումով:
Նշվում է, որ ահաբեկիչներն օրեր առաջ հարձակում են գործել Էլ Բահր բնակավայրի մոտ գտնվող փախստականների ճամբարի վրա և գերի վերցրել 130 արաբ ընտանիքի: Ենթադրվում է, որ նրանք այժմ գտվում են զինյալների ենթակայության տակ գտնվող Հաջին քաղաքում:
Պատանդների ազատ արձակման դիմաց ԻՊ-ականները պահանջում են քրդամետ «Սիրիայի դեմոկրատական ուժեր» խմբավորումից, որը մարտական գործողություններ է վարում Սիրիայի հյուսիսում որպես ԱՄՆ դաշնակից, ազատ արձակել իրենց կողմնակիցներին, որոնք գտնվում են քրդերի ձեռքում: Ահաբեկիչները հայտարարել են, որ պատանդների մահապատիժներ են իրականացնելու ամեն օր, քանի դեռ նրանց պահանջները չեն կատարվել:










