Սլովակիայի արտաքին գործերի նախարարության համակարգիչները հաքերային հարձակման են ենթարկվել

05:47 • 18.10.18

Հաքերները կոտրել են Սլովակիայի արտաքին գործերի նախարարության համակարգիչները, սակայն նրանց չի հաջողվել հասնել կարևոր գաղտնի տեղեկություններին: Նրանց ձեռքում է հայտնվել միայն վարչության ամենօրյա ոչ կարևոր նամակագրությունը, հաղորդում է РИА Новости-ն՝ արտգործնախարարության մամուլի քարտուղար Բորիս Գանդելին հղումով:

Ավելի վաղ երկրի վարչապեր Պյոտր Պելեգրինին հաղորդել էր, որ ԱԳՆ-ի համակարգիչները հաքերային հարձակման են ենթարկվել: Նրա խոսքով՝ ռազմական հետախուզության աշխատակիցները նկատել են համակարգիչների արտասովոր «պահվածքը», ինչն էլ թույլ է տվել հայտնաբերել օտարերկրյա հաքերների հարձակումը: Վարչապետի խոսքով՝ վտանգավոր կոդը թույլ էր տալիս ցանցահեններին զտել տվյալներն ու ուղարկել դրանք արտասահմանյան համակարգիչներին:

Սակայն Գանդելը հավաստիացրել է, որ հաքերները կարող էին ստանալ միայն ամենօրյա նամակագրությունը վարչության ստորաբաժանումների միջև: Նրա խոսքով՝ որևէ գաղտնի տեղեկություն հաքերները չեն ստացել, քանի որ նման նյութեր «փոխանցումը կատարվում է այլ ուղիներով, որոնք շատ լավ են պաշտպանված»: