ՄԻԵԴ-ը ՀՀ կառավարությանը պարտավորեցրել է «Ոսկերչյանն ընդդեմ Հայաստանի գործով» 3000 եվրո փոխհատուցում վճարել

15:13 • 18.10.18

Մարդու իրավունքների եվրոպական դատարանը հոկտեմբերի 18-ին հրապարակված վճռով ՀՀ Կառավարությանը պարտավորեցրել է «Ոսկերչյանն ընդդեմ Հայաստանի հանրապետության» գործով տուժողին վճարել 3000 եվրո՝ որպես բարոյական վնասի փոխհատուցում:

Ոսկերչյանին մեղադրանք էր առաջադրվել 2008-ի մարտի 1 ցույցերի ժամանակ զանգվածային անկարգություններ հրահրելու և պետական իշխանությունը բռնազավթելու փորձի համար: 

2008թ. մարտի 11-ին Երևանի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանի դատարանի որոշմամբ նրան երկու ամսով ձերբակալել են, սակայն հետագայում գրավի դիմաց ազատ են արձակվել:

2008թ. Մարտի 14-ին Ոսկերչյանը բողոքարկել է վճիռը՝ պատճառաբանելով, որ նախաքննական մարմինը նրան ձերբակալելու որևէ հիմնավորում չի ներկայացրել, սակայն Վերաքննիչ քրեական դատարանը մերժել է հայցը՝ պնդելով հանցագործության ծանրության աստիճանը: 

2009-ի հունիսի 20-ին առաջին ատյանի դատարանի վճռով նա մեղավոր է ճանաչվել կառավարությունը բռնությամբ տապալելու հրապարակային կոչեր անելու մեջ և դատապարտվել 2 տարի ժամկետով ազատազրկման: Սակայն Ոսկերչյանի հանդեպ կիրառվել է 2009թ. հունիսի 19-ի համաներումը և  նա անմիջապես ազատ է արձակվել: 

ՄԻԵԴ-ը գտել է, որ խախտվել է «Մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների պաշտպանության մասին» եվրոպական կոնվենցիայի 5-րդ հոդվածի 3-րդ մասով սահմանված պատշաճ քրեական դատավարություն իրականացնելու իրավունքը:

Կրած ոչ նյութական վնասի համար փոխհատուցումը տուժողին պետք է վճարվի վճռի հրապարակումից հետո երեք ամսվա ընթացքում: