Կիմ Չեն Ընը Հռոմի պապին Փհենյան է հրավիրել
Հարավային Կորեայի նախագահ Մուն Չժե Ինը Վատիկան կատարած այցի ընթացքում Հռոմի պապ Ֆրանցիսկոսին է փոխանցել Հյուսիսային Կորեայի առաջնորդ Կիմ Չեն Ընի՝ Փհենյան այցելելու հրավերը, գրում է «РИА Новости» գործակալությունը:
Մուն Չժե Ինը Կիմ Չեն Ընին հանդիպել էր անցյալ ամիս Փհենյանում, հենց այդ ժամանակ էլ նա խոստացել էր իր հյուսիսկորեացի գործընկերոջը նրա հրավերը փոխանցել Հռոմի պապին:
Նշվում է, որ Հրվ. Կորեայի նախագահն ընդգծել է, որ Հռոմի պապի այցը կարող է զգալիորեն նպաստել Կորեական թերակղզում սառը պատերազմի շուտափույթ ավարտին:
Հիշեցնենք, որ ապրիլի 27-ին Կորեաների ղեկավարների միջև կայացած պատմական հանդիպման ժամանակ առաջնորդները պայմանավորվել են Կորեական թերակղզու ամբողջական ապամիջուկայնացման, ինչպես նաև պատերազմի վերջնական ավարտի մասին, որում կողմերը գտնվում էին 1950-ականներից:
Այս հանդիպմանը հաջորդել են երկու երկրների ներկայացուցիչների նոր հանդիպումները:










