Գիշերօթիկ հաստատության բակում գտնված երեխաների մայրը հայտնաբերվել է

15:33 • 19.10.18

Ոստիկանության ծառայողների ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների շնորհիվ պարզվել է գիշերօթիկ հաստատության բակում հայտնաբերված երեխաների մոր ինքնությունը: Նա Արարատի մարզի 18-ամյա բնակչուհի է, որը բերվել է ոստիկանության Մուշի բաժին: Այս մասին հայտնում են ՀՀ ոստիկանությունից:

Արարքի դրդապատճառները պարզվում են:

Կատարվում է քննություն:

Հիշեցնենք, որ հոկտեմբերի 17-ին, ժամը 20.00-ին, Գյումրու Շիրակացի թիվ 10 հասցեում գտնվող Ֆ.Նանսենի անվան գիշերօթիկ հաստատությունից ոստիկանության Մուշի բաժին ահազանգ է ստացվել, որ հաստատության բակում հայտնաբերել են երկու բարուրված նորածին տղա երեխաներ:

Մեկնած օպերատիվ խումբը պարզել է, որ նույն հաստատության աշխատակիցները ժամը 19.40-ին հաստատության բակում, գետնին դրված պոլիէթիլենային տոպրակի մեջ բարուրված վիճակում հայտնաբերել են երկու նորածին տղա երեխաների: 

Երեխաները հանձնվել են Գյումրի համայնքի «Խնամակալության և հոգաբարձության հանձնաժողովի» ներկայացուցչին՝ նրանց հետագա խնամքը կազմակերպելու և համապատասխան հաստատությունում տեղավորելու համար:

Ձեռնարկվում են միջոցառումներ երեխաների ծնողներին և հանգամանքները պարզելու ուղղությամբ:
Նախապատրաստվում են նյութեր: