Ալավերդու պղնձաձուլարանի հետ կապված մենք լուծումներ ենք փնտրում․ Վարագ Սիսեռյան
Facebook-ի իր էջում ՀՀ փոխվարչապետ Տիգրան Ավինյանի գրասենյակի ղեկավար Վարագ Սիսեռյանն անդրադարձել է Ալավերդու պղնձաձուլարանի փակմանը վերաբերող հարցերին:
«Ցանկանում եմ ընդգծել, որ Ալավերդու պղնձաձուլարանի հետ կապված մենք լուծումներ ենք փնտրում և ամենօրյա կապի մեջ ենք «Վալլեքս» խմբի ղեկավարության հետ: Արդեն իսկ ունենք մի շարք առաջարկներ, որոնք նախատեսում ենք քննարկել երկուշաբթի օրը, երբ կկայանա փոխվարչապետի պաշտոնակատար Տիգրան Ավինյանի և «Վալլեքս» խմբի ընկերությունների նախագահ Վալերի Մեջլումյանի հերթական հանդիպումը: Նշեմ, որ ավելի վաղ նախատեսվող հանդիպումը հետաձգվել է մինչ երկուշաբթի, քանի որ պարոն Մեջլումյանը բացակայում է Հայաստանից: Բացի այդ, այսօր երեկոյան ընդունելու եմ Ալավերդու պղնձաձուլարանի մի խումբ աշխատակիցների՝ նրանց հուզող հիմնախնդիրները լսելու նպատակով», - նշել է նա:
Հիշեցնենք, որ Ալավերդու պղնձաձուլական գործարանն այսօրվանից տեխնիկապես չի աշխատում: Գործարանի աշխատակիցները մի քանի ժամ փակ էին պահել Ալավերդու միջպետական ճանապարհը:










