Աշխարհի խոշորագույն ամֆիբիա-ինքնաթիռն իրականացրել է առաջին թռիչքը ջրի մակերեսից

23:03 • 20.10.18

Չինաստանում ստեղծված «Ցզիլուն» (AG600) աշխարհի խոշորագույն ամֆիբիա-ինքնաթիռը շաբաթ առավոտյան հաջողությամբ իրականացրել է ջրի մակերեսից օդ բարձրանալու և վայրէջք կատարելու փորձարկումը: Այս մասին հայտնում է РИА Новости-ն՝ հղում անելով Չինաստանի ավիացիոն արդյունաբերության ընկերությանը:

Ինքնաթիռն օգոստոսի 27-ից ի վեր գտնվում է Հուբեյ նահանգի «Չժանհե» հիդրոօդակայանում, որտեղ մի շարք կարևորագույն ստուգումներ է անցել, այդ թվում՝ սահումը միջին, ցածր և բարձր արագության պարագայում: Մասնագետները շուրջ երկու ամիս ստուգել են օդանավի կառավարման հմտությունները, կայունությունը ջրային մակերեսին, ինչպես նաև անջրանցիկությունը տարբեր արագությամբ ընթանալիս:  

Ավելի վաղ չինական ընկերությունը հայտնել էր, որ մտադիր է ամֆիբիա-ինքնաթիռի կոմերցիոն մատակարարումներն սկսել 2022-ին:

Ինքնաթիռը զինված է 4 տուրբոշարժիչով: Առավելագույն թռիչքային քաշը կազմում է 53.5 տոննա, երկարությունը՝ 39.3 մետր է, թևերի բացվածքը՝ 38.8 մետր, թռիչքի առավելագույն հեռավորությունը՝ 4500 կմ: Այն կարող է մինչև 50 ուղևոր տեղափոխել: